Երազատեսության հարցը ուսումնասիրվել է տարբեր տեսանկյուններից: Հեղինակները հետաքրքիր վարկածներ ու մոտեցումներ են առաջադրել:
Զիգմունդ Ֆրեյդը, վերլուծելով իր այցելուների երազները, եկել է այն եզրակացության, որ վերջիններս արտահայտում են մարդկանց ճնշված ցանկություններն ու ձգտումները:
Ալան Հոբսոնի տեսության համաձայն՝ երազներն իրենց մեջ ոչ մի իմաստ չեն կրում, ընդամենը պատահական էլեկտրական ազդակների արդյունք են, որոնք առաջանում են հույզերի, ընկալման և հիշողությունների համար պատասխանատու ուղեղային բաժիններում:
Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեյդրա Բարրետի առաջարկած վարկածի համաձայն՝ երազները մարդու համար յուրատիպ թատրոն են ծառայում, որի բեմին կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ և որոշ խնդիրների լուծումներ, ընդ որում քնած ժամանակ ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ ընդունակ է ավելի արագ կազմավորել զուգորդային կապեր:
Եթե միևնույն երազը կամ էլ մղձավանջը կրկնվում է, ապա չի կարելի արհամարհել այն:
Մեր ուղեղն օգտագործում է երազը, որպեսզի վերամշակի այն ամենը, ինչ մենք կլանում ենք իրական աշխարհից: Եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է ձեր կյանքում առկա ինչ-որ խնդրի հետ, որը լուծում է պահանջում: