Իլոն Մասկի նախկին ընկերուհին աճուրդի է հանել իրենց համատեղ լուսանկարներն ու Մասկից ստացած նվերները

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի նախկին զուգընկերուհին` Ջենիֆեր Գվինը, ում հետ Մասկը հանդիպել է ուսանողական տարիներին, աճուրդի է հանել այդ ժամանակահատվածում Մասկի հետ արված համատեղ լուսանկարներն ու ապագա գործարարից ստացած նվերները։ Այս մասին գրում է gazeta.ru-ն` հղում անելով CNN հեռուստաալիքին։

Բոստոնյան RR Auction աճուրդի ներկայացուցիչների հաղորդմամբ` զույգն սկսել է հանդիպել 1994 թվականին Փենսիլվանիայի համալսարանում սովորելու տարիներին։ Նշվում է, որ երիտասարդ գործարարի հետ 18 համատեղ լուսանկարից բացի աճուրդում ներկայացված են նաև «Ծնունդդ շնորհավոր, Ջենիֆեր։ Սիրով՝ Իլոն» գրությամբ բացիկ, որը նա նվիրել է Գվինի ծննդյան առթիվ, ինչպես նաև Մասկի հորը պատկանող հանքից ստացված զմրուխտով թանկարժեք վզնոց։

CNN-ի տվյալներով` ամենաբարձրը գնահատվում են բացիկն ու վզնոցը։ Ակնկալվում է, որ բացիկը կվաճառվի առնվազն 10 հազար դոլարով։