«Squid Game»-ի ռեժիսորը խնդրել է թեթև վերաբերվել սերիալի հիման վրա ռեալիթի շոուի նկարահանմանը

Հարավկորեական «Squid Game» սերիալի ռեժիսոր Հվան Դոն-Հյոկը մեկնաբանել է իր նախագծի հիման վրա ռեալիթի շոուի նկարահանումները, հայտնում է Variety-ն։

Օրիգինալ կինոնկարի երկրպագուները հեգնանք են նկատել այն հարցում, որ դրամատիկական սերիալի հիման վրա, որը շոշափում է կապիտալիզմի խնդիրները, պետք է ռեալիթի շոու նկարահանվի: Հվան Դոն-Հյոկը երկրպագուներին կոչ է արել այդքան լուրջ չվերաբերել նախագծին։

«Ես գիտեմ, որ կա որոշակի մտավախություն այս ուղերձն օգտագործելու և այն դրամական մրցանակով ռեալիթի շոուի վերածելու առնչությամբ: Այնուամենայնիվ, ես զգում եմ, որ չափազանց լուրջ վերաբերմունքն իսկապես լավագույն ուղին չէ զվարճանքի արդյունաբերության համար»,- ասել է նա:

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ինքը հանդիպել է «Squid Game. The Challenge» շոուի ստեղծողների հետ՝ հույս հայտնելով, որ նախագծի հեղինակները «կհետևեն իր տեսլականին և մտադրությանն այնքանով, որքանով դա հնարավոր կլինի ծրագրի շրջանակում»։