«Այս պահին իմ տունը, իմ երկիրը տառապում է». Ռոզա Լինի կատարումն ու գրառումը

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը Ֆեյսբուքի իր էջում հոլովակ է հրապարակել, որում կատարում է «Տիեզերք» երգը` կից անդրադառնալով Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակին:

«Հայաստանը ռմբակոծվում է։ Ես տնից հեռու եմ, ԱՄՆ-ում անում եմ այն, ինչ միշտ երազել եմ: Բայց այս պահին իմ տունը, իմ երկիրը տառապում է։ Ես ընդմիջեցի տեսահոլովակիս նկարահանումները, որպեսզի երգեմ այս՝ խաղաղության և սիրո երգը՝ ազգիս ավելի մոտ գտնվելու համար։ Մինչ ամբողջ աշխարհում բոլորը շնորհավորում են ինձ SNAP-ի հաջողության համար, սրտիցս արյուն է կաթում։

Երաժշտության միջոցով ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն ամենի վրա, ինչ այս պահին կատարվում է իմ երկրում։

Խոսե’ք։ Անմեղ մարդիկ են մահանում։ Բարձրաձայնեք այս մասին, համախմբվեք, մենք բոլորս մարդ ենք։ Բոլորս էլ արժանի ենք խաղաղության մեջ ապրելու»,- գրել է երիտասարդ երգչուհին։