Անա դե Արմասը Մերիլին Մոնրոյից թույլտվություն խնդրել՝ նրան մարմնավորելու ֆիլմում

Մերիլին Մոնրոն կյանքից հեռացել է 60 տարի առաջ, բայց մինչ օրս շարունակում է մնալ Հոլիվուդի ամենաքննարկվող և առեղծվածային կերպարներից մեկը։ Աստղերը երբեք չեն դադարում ներկայանալ փոփ-դիվայի կերպարով, և Մոնրոյի կյանքի մասին ֆիլմերը դեռևս մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում: Այսպիսով, այս տարի ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը» ֆիլմն էր, որի գլխավոր դերում հանդես է գալիս Անա դե Արմասը։

Եվ մինչ բոլորը հիացած են դերասանուհու խաղով, ով կարողացել է այդքան դիպուկ մարմնավորել Մերիլին Մոնրոյի կերպարը, ինքը՝ Անա դե Արմասը, առաջին անգամը չէ, որ պատմում է նկարահանման տարօրինակ մանրամասները, որոնցից փշաքաղվել կարելի է։ Ոչ վաղ անցյալում նա խոստովանել էր, որ նկարահանման հրապարակում զգացել է փոփ աստղի «ներկայությունը», իսկ նախօրեին բացել է մեկ այլ գաղտնիք, որն, ըստ նրա, օգնել է իրեն հաղթահարել այս դերը։

Անա դե Արմասը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ մինչ նկարահանումները սկսելը պետք է շատ աշխատանք կատարեր։ Եվ բացի այն, որ դերասանուհին մեկ տարի ջանասիրաբար զբաղվել է դերի գործնական նախապատրաստմամբ, նա նաև դիմել է ոչ այնքան ավանդական գաղափարների։ Պարզվում է, որ Անան նկարահանող խմբի հետ գնացել է Մերիլին Մոնրոյի գերեզման։

«Մեզնից յուրաքանչյուրը գրել էր իր սեփական կոչը Մերլինին, որից հետո գնացինք գերեզմանատուն և դրեցինք այդ գրությունը նրա գերեզմանին։ Ինչ-որ կերպ ուզում էինք նրանից թույլտվություն խնդրել ֆիլմը նկարահանելու համար։ Բոլորը մեծ պատասխանատվություն էին զգում, և մենք շատ լավ գիտակցում էինք պատմության այն կողմը, որը պատրաստվում էինք պատմել: Նորմա Ջինի պատմությունը (իսկական անունը՝ Մերիլին Մոնրո), Մոնրոյի կերպարի ետևում կանգնած մարդու և այն, թե նա իրականում ով է եղել»,- խոստովանել է Անա դե Արմասը: