Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերադարձել են ԱՄՆ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը վերադարձել են ԱՄՆ։ Այս մասին գրում է E!News-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին վերադարձել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտեսիտոյի իրեն տուն, մինչդեռ վերջին երկուսուկես շաբաթը նրանք անցկացրել են Մեծ Բրիտանիայում։ Նրանք Միացյալ Թագավորություն էին ժամանել մինչ բրիտանական միապետի առողջական վիճակի վատթարացումը։ 

Սեպտեմբերի 5-ին Սասեքսի դքսուհին ելույթ է ունեցել Մանչեսթերում կայացած One Young World Summit երիտասարդ առաջնորդների համաժողովին, իսկ սեպտեմբերի 8-ին, իմանալով Եղիսաբեթ II-ի ինքնազգացողության վատթարացման մասին, արքայազն Հարին մեկնել է Շոտլանդիա՝ Բալմորալ ամրոց, սակայն այդպես էլ չի հասցրել հրաժեշտ տալ տատիկին։ Սեպտեմբերի 10-ին ամուսինները հանդիպել են արքայազն Ուիլյամին ու Քեյթ Միդլթոնին Վինձորում հավաքված բրիտանացիներին հանդիպելու համար, սեպտեմբերի 14-ին մասնակցել են Վեստմինսթերյան պալատում կայացած հրաժեշտի արարողությանը, իսկ սեպտեմբերի 19-ին՝ թագուհու հուղարկավորությանը։

Նշվում է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի երեխաների՝ 3-ամյա Արչիի և մեկամյա Լիլիբեթի կարգավիճակների հարցը դեռ մնացել է չլուծված։ Եղիսաբեթ II-ի մահից հետո նրանք ինքնաբերաբար ստացել են արքայազնի ու արքայադստեր տիտղոսներ, սակայն ոչ Նորին Թագավորական Մեծության կարգավիճակներ։