«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում կոչ են արել աջակցել Հայաստանին (լուսանկարներ)

Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

Նախքան ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները իրենց ուղերձն են հնչեցնում և խնդրում, որ իրենց գործընկերները նույնպես կանգնեն Հայաստանի կողքին և դատապարտեն ադրբեջանական ագրեսիան։

Հայ դիզայներները ներկայացել են «Stand with Armenia» գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի շարքերից՝ բարձրանալով հարթակ, ինչն էլ արժանացել է հանդիսատեսի կողմից բուռն ծափահարությունների: 

Իրենց պաշտոնական էջում նաև հրապարակվել են լուսանկարներ:

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա և ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, քաղաքացիական անձանց տներն ու ենթակառուցվածքներն են գնդակոծվում և ավերվում։ Հաղորդվում է, որ սպանվել է 3 երեխաների մայր մեկ կին։ Ադրբեջանցի զինվորները նրան անդամահատել են, կտրել ոտքերը, մատները։ Մենք այստեղ ենք ՝ Emerging Talents Milan-ում, տոնելու գեղեցկությունը և դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն: Մենք Հայաստանի հե՜տ ենք»,- գրված է հաղորդագրության մեջ: