Շակիրային կդատեն Իսպանիայում

Կոլումբացի երգչուհի Շակիրային կդատեն Իսպանիայում՝ հարկային 6 հանցագործության կասկածանքով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կատալոնիայի Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը։

Պետական բյուջեի դեմ ենթադրյալ վեց հանցագործությունների գործով լսումների մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի դատախազությունը խնդրել է Շակիրային դատապարտել 8 տարի 2 ամիս ազատազրկման, ինչպես նաև երգչուհուց 23 միլիոն եվրո տուգանք գանձել հարկերը չվճարելու համար։ 

Շակիրան կասկածվում է 2012-ից 2014 թվականներին հարկերից խուսափելու հետ կապված հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, խոսքը 14,5 միլիոն եվրոյի մասին է։ Մեղադրող կողմը պնդում է, որ կոլումբացի երգչուհին ժամանակի մեծ մասն ապրել է Բարսելոնայում՝ հաշվի առնելով նրա հարաբերություններն իսպանական համանուն ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեի հետ։

Երգչուհին պնդում է, որ իսպանական իշխանություններին չմարված պարտքեր չունի, քանի որ նախկինում վճարել է ավելի քան 17 միլիոն եվրո, որն իրենից պահանջվել է։