Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին) նախաձեռնությամբ հյուրերին ներկայացրել են Հայաստանում տիրող իրավիճակը և Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում դիզայներ Վահան Խաչատրյանը, անդրադառնալով «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին) նախաձեռնությանն, ասաց, որ բանակցելուց հետո եկել են ընդհանուր հայտարարի և ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում, Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրությամբ շապիկներով:

«Իրականում նախաձեռնությունը շատերի մոտ հարց առաջացրեց, թե ի՞նչ է կատարվում: Եվրոպայում շատ քչերը գիտեին Հայաստանի իրավիճակի մասին: Սա լավ հնարավորություն էր գոնե ներկաներին իրավիճակը ցույց տալու: Շատերը մեզ էին մոտենում, փնտրում և քննարկում թեման»,-ասաց Վահան Խաչատրյանը:
Անդրադառնալով «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովին՝ նա ընդգծեց, որ «Նորաձևության և դիզայնի պալատը» և Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էին միջոցառում Միլանում՝ նվիրված հայ-իտալական տնտեսական համագործակցության 30 ամյակին:

Դիզայների խոսքով՝ միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը ֆորում էր՝ տեքստիլի ասպարեզում հայ գործարարների մասնակցությամբ, որի շրջանակներում Հայաստանի տեքստիլի և նորաձևության ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկայանալ իրենց արտադրանքով, աշխատանքային քննարկումներ ունեցան իտալացի մասնագետների հետ, ինչպես նաև այցելեցին տեքստիլ ոլորտի գործարաններ, ընկերություններ և ցուցահանդեսներ:

«Միջոցառման երկրորդ մասում «Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի ունեցավ հայ դիզայներների նոր աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրությունը, որին մասնակցեցին 8 հայ դիզայներներ՝ այդ թվում՝ ես: Մասնակցում էին Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis նորաձևության տները»,-ասաց նա:

Դիզայներն ընդգծեց, որ իրենց համար շատ կարևոր էր, որ ցուցադրությանը բացի հյուրերից ներկա էին նաև տեղի և միջազգային հայտնի լրատվականները, որոնցից Harper’s Bazaar, ELLE , marie claire և Fashion ամսագրերը ցուցադրությունից անմիջապես հետո հրապարակել են հայկական ցուցադրության և հայ բոլոր դիզայներների մասին նյութեր: «Ներկա էին նաև մի շարք հայտնի բլոգերներ, ովքեր իրենց էջերում կիսվում էին ցուցադրությամբ, ինչը ևս մեծ աղմուկ և տարածում բերեց, ինչը շատ հաճելի էր: Ցուցադրության համար կոնկրետ թեմա և առաջադրանք ընտրված չի եղել, այլ յուրաքանչյուր դիզայներ ստեղծել է այնպիսի հավաքածու, որը հավատարիմ է իր ոճին և իր բրենդի ԴՆԹ-ին»,- եզրափակեց Վահան Խաչատրյանը:
«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է նաև Իտալիայում Հայաստանի դեսպանատունը:

