Սթիվ Հարվին իր՝ «Ինքնավստահության կանոնագիրք» գրքում պատմել է վատ տրամադրության, լարվածության ու դեպրեսիայի մասին՝ օգնելով ցրել կպչուն մտքերը, ազատվել տագնապից ու դառնալ ինքնավստահ: Հոգեբանն առաջարկում է հետևել կարևոր 3 կանոններին, որոնք կօգնեն ձեզ դառնալ ինքնավստահ:
«Դու այնպիսին ես, ինչպիսին ներկայացնում ես քեզ»,- այս խոսքերով է սկսում իր ստեղծագործությունը հոգեբանը՝ խորհուրդ տալով ընթերցողներին երբեք չբարդույթավորվել ու չխոսել շրջապատի մոտ սեփական թերություններից:
Հոգեբանի պնդմամբ՝ մեր վախն ու անվստահությունը մենք դիմացինի մոտ արտահայտում ենք՝ հուսալով, որ նա մեզ կսկսի համոզել հակառակը, բայց երբ դա չի կատարվում, ներքին տագնապն ու բարդույթներն ավելի են մեծանում:
«Մտածեք, որ բոլորը սիրում են ձեզ»,- խորհուրդ է տալիս Հարվին՝ հավատացնելով, որ ինքնավստահության գլխավոր գրավականը սեփական անձի սիրված լինելու մեջ համոզված լինելն է:
Կարծեք, որ ձեր շրջապատի մարդկանց դուք հաճելի եք, դա ձեզ կդարձնի անկաշկանդ, մարդամոտ ու շփվող, և մարդիկ, իսկապես, կսկսեն սիրել ձեզ, ինչն էլ կբարձրացնի ձեր ինքնագնահատականը:
«Վատ հիշողությունը լավ տրամադրության գրավականն է»,- հավատացնում է գրողը: Խոսքը հիշաչարության մասին չէ: Դուք օրվա ընթացքում կարող եք ֆիքսել խեթ հայացքներ, վիրավորական խոսքեր, անտարբերության նշաններ, որոնք ողջ օրը թույլ չեն տա ձեզ լիարժեք երջանիկ լինել: Երբ զգում եք, որ ինչ-որ բան ձեզ դուր չեկավ, երբեք մի մտապահեք այդ դեպքը: