Ալլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի երգերը հեռացվել են ռուսական ռադիոկայանների երգացանկից

Ռուսական ռադիոկայանների երգացանկից հեռացվել են Ալլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի ստեղծագործությունները, ինչպես նաև կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հեղինակած երգերը։ Այս մասին հայտնում է Solenka.info-ն։

Ինչպես պարզաբանել է մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրը, նման որոշման պատճառը վերոնշյալ աստղերի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը քննադատելն է եղել։

Վալերի Մելաձեն առաջինն է եղել, ով դատապարտել ՌԴ իշխանությունների գործողությունները։ Ալլա Պուգաչովան մարտին լքել է երկիրը՝ մեկնելով Իսրայել, որից հետո օգոստոսի վերջին վերադարձել է Ռուսաստան։ Վերադարձից հետո, սակայն, երգչուհին իր աջակցությունն է հայտնել ամուսնուն՝ ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված Մաքսիմ Գալկինին՝ խնդրելով իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչից հետո սեպտեմբերի վերջին կրկին լքել է Ռուսաստանը։

Ինչ վերաբերում է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին, ապա նա հատուկ գործողության մեկնարկից հետո անհետացել է տեսադաշտից ու լռություն է պահպանում։ Այժմ ռուսական ռադիոկայանների երգացանկից հեռացվել են նաև Անի Լորակի, «ՎԻԱ Գրա»-ի և մի շարք այլ արտիստների երգերը, որոնք հեղինակել է Մելաձեն։