Անջելինա Ջոլին դատի է տվել Բրեդ Փիթին ընտանեկան բռնության համար

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի դատավարությունը, կարծես թե, երբեք չի ավարտվի։ Անջելինան հակընդդեմ հայց է ներկայացրել իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի դեմ՝ գինեգործարանի բաժանման վերաբերյալ հայցի շրջանակներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Դերասանուհու փաստաբանները դատարանին հայտնել են, որ գինեգործարանում Ջոլիի բաժնետոմսերը վաճառելու բանակցությունները խափանվել են, քանի որ նրա նախկին ամուսինը պահանջել է ստորագրել «չբացահայտման համաձայնագիր, որը նրան կարգելի դատարանից դուրս խոսել Փիթի ֆիզիկական և էմոցիոնալ բռնության մասին իր և իրենց երեխաների նկատմամբ»:

Հայցում նկարագրվում են 2016 թվականի սեպտեմբերի կոնֆլիկտի մանրամասները։ Այդ ժամանակ Փիթն ու Ջոլին իրենց երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից մեկնում էին Կալիֆորնիա։ «Փիթը փորձել է խեղդել երեխաներից մեկին և բռունցքով հարվածել մյուսի դեմքին», և «բռնել է Ջոլիի գլխից և թափահարել նրան»,- ասվում է փաստաթղթում: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ինչ-որ պահի Փիթը գարեջուր է լցրել Ջոլիի և երեխաների վրա։

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վերջին հինգ տարում շարունակում են պայքարել երեխաների խնամակալության համար՝ 2016 թվականին նրանց ամուսնալուծությունից հետո: