Ղրիմում երկու կին, այդ թվում՝ «Միսս Ղրիմ»-ը, մեղավոր են ճանաչվել ռուսական բանակը վարկաբեկելու համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կանայք սոցցանցերում հրապարակված տեսանյութում ուկրաինական հայրենասիրական երգ են երգում:
«Միսս Ղրիմ 2022» գեղեցկության մրցույթի հաղթող Օլգա Վալեևան և ընկերուհին պատշգամբում երգել են հանրահայտ ուկրաինական «Չերվոնա Կալինա» երգը:
Կարճ տեսանյութը հրապարակվել է Instagram-ի «Սթորիս» բաժնում, որտեղից ջնջվել է 24 ժամ հետո։
Ղրիմի ոստիկանությունը հայտնել է, որ Վալեևան տուգանվել է 40 000 ռուբլով, իսկ նրա ընկերուհին որպես պատիժ ստացել է 10-օրյա ազատազրկում:
«Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երկու աղջիկ կատարում են երգ, որը ծայրահեղական կազմակերպության մարտական հիմնն է», – Telegram-ում հայտնել է Ղրիմի ներքին գործերի նախարարությունը:
Ղրիմի ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ կանայք ներողություն են խնդրում այդ երգը երգելու համար:
«Ես չգիտեի և չէի գիտակցում, որ այն ազգայնական բնույթ է կրում, և հաստատ չէի ուզում երգելով քարոզչություն անել»,- ասել է կանանցից մեկը։
Վալեևան ավելի վաղ Instagram-ում գրել էր, որ չէր ցանկանում «վնասել որևէ մեկին»։
«Մենք պարզապես ուկրաինական երգ ենք երգել։ Մենք կարծում էինք, որ դա ընդամենը մի փոքրիկ երգ է, որը մենք վաղուց գիտեինք»,- ասել է նա:
Անցյալ ամիս թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը զգուշացրել է Ղրիմի բնակիչներին, որ իշխանությունները «կոշտ» կարձագանքեն նման երգերի կատարմանը:
«Նման ազգայնական օրհներգեր երգելը, հատկապես հատուկ ռազմական գործողության ժամանակ, կպատժվի», – ասել է Ակսյոնովը:
«Մարդիկ, որոնք դա անում են, դավաճանների պես են վարվում»,- հավելել էր նա: