«Միսս Ղրիմ»-ին տուգանել են ուկրաինական հայրենասիրական երգի կատարման համար (տեսանյութ)

Ղրիմում երկու կին, այդ թվում՝ «Միսս Ղրիմ»-ը, մեղավոր են ճանաչվել ռուսական բանակը վարկաբեկելու համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կանայք սոցցանցերում հրապարակված տեսանյութում ուկրաինական հայրենասիրական երգ են երգում:

«Միսս Ղրիմ 2022» գեղեցկության մրցույթի հաղթող Օլգա Վալեևան և ընկերուհին պատշգամբում երգել են հանրահայտ ուկրաինական «Չերվոնա Կալինա» երգը:

Կարճ տեսանյութը հրապարակվել է Instagram-ի «Սթորիս» բաժնում, որտեղից ջնջվել է 24 ժամ հետո։

Ղրիմի ոստիկանությունը հայտնել է, որ Վալեևան տուգանվել է 40 000 ռուբլով, իսկ նրա ընկերուհին որպես պատիժ ստացել է 10-օրյա ազատազրկում:

«Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երկու աղջիկ կատարում են երգ, որը ծայրահեղական կազմակերպության մարտական հիմնն է», – Telegram-ում հայտնել է Ղրիմի ներքին գործերի նախարարությունը:

Ղրիմի ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ կանայք ներողություն են խնդրում այդ երգը երգելու համար:

«Ես չգիտեի և չէի գիտակցում, որ այն ազգայնական բնույթ է կրում, և հաստատ չէի ուզում երգելով քարոզչություն անել»,- ասել է կանանցից մեկը։

Վալեևան ավելի վաղ Instagram-ում գրել էր, որ չէր ցանկանում «վնասել որևէ մեկին»։

«Մենք պարզապես ուկրաինական երգ ենք երգել։ Մենք կարծում էինք, որ դա ընդամենը մի փոքրիկ երգ է, որը մենք վաղուց գիտեինք»,- ասել է նա:

Անցյալ ամիս թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը զգուշացրել է Ղրիմի բնակիչներին, որ իշխանությունները «կոշտ» կարձագանքեն նման երգերի կատարմանը:

«Նման ազգայնական օրհներգեր երգելը, հատկապես հատուկ ռազմական գործողության ժամանակ, կպատժվի», – ասել է Ակսյոնովը:

«Մարդիկ, որոնք դա անում են, դավաճանների պես են վարվում»,- հավելել էր նա: