Կարծես թե, Քիմ Քարդաշյանը մեկ կերպարում մի քանի գոտիների թրենդը չափից դուրս բառացի է ընդունել։ Ավելի ճիշտ՝ Balenciaga-ի կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան: Նոր զգեստը, որով նախորդ օրը ինֆլյուենսերը ներկայացել էր իր հետևորդներին, հենց նրա ձեռքերի գործն է։ Քիմը հայտնի է բրենդի հանդեպ իր անկեղծ սիրով. նրա կերպարների մոտավորապես 99,9%-ը բաղկացած է ապրանքանիշի հագուստներից և կոշիկներից: Ու թեև մոդելը չի կարողացել մասնակցել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում նորաձևության տան վերջին ցուցադրությանը, Դեմնան, այնուամենայնիվ, որոշել է տոնը բերել հեռուստաաստղի տուն:
Քիմի նոր լուսանկարները ճշտությամբ կրկնում են շոուի գլխավոր դեկորացիան, որտեղ մոդելները թավալվել են ցեխի մեջ՝ բառիս բուն իմաստով։ Ինֆլյուենսերը մինի երկարությամբ կորսետային զգեստը՝ պատրաստված բազմաթիվ սև գոտիներից՝ համադրել է կրունկներով սանդալների և ֆուտուրիստական արևային ակնոցի հետ։
Ի դեպ, 2023 ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությանը նման հանդերձանք չի եղել։ Պարզվում է, որ Քիմը զգեստը էքսկլյուզիվ կերպով է ստացել։


