Տաթև Հովակիմյանը և Արամ Կարախանյանը՝ սիրային հուզիչ հոլովակում

«Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմից յուրահատուկ դիալոգը «Պոեմէ» շարքում գեղեցիկ կարճ տեսահոլովակի են վերածել Տաթեւ Հովակիմյանն ու Արամ Կարախանյանը: Հոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, նկարահանումներն արվել են Լոռիում: Գրում է Bravo.am-ը։

«Ես քեզ հանդիպում եմ:

Ես քեզ հիշում եմ:
Այս քաղաքը ստեղծված էր սիրո համար… »,- ասում են նրանք ու ստիպում իրենց հետ վերապրել տխրության, սիրո եւ բաժանման ցավը:

1959 թվականին էկրաններ բարձրացավ Ալեն Ռենեի «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարում են ֆրանսուհի Էմանուել Ռիվան եւ ճապոնացի Էյձի Օկադան: Այն պատմում է հետպատերազմյան Հիրոսիմայում ֆրանսիացի կինոդերասանուհու եւ ճապոնացի ճարտարապետի կարճ սիրո պատմության մասին, որոնց հիմքում նրանց զրույցներն են: Հիրոսիմայում արդեն պայթել է ատոմային ռումբն ու շուրջն ամեն ինչ փոխել: Հերոսները վերհիշում են անցյալի սերերն ու դեպքերը, փորձում հասկանալ դրանց նշանակությունը, իրենց ու աշխարհին նորովի նայում ու վերարժեւորում կյանքը: