«6 շոուբիզնեսյան ներկայացուցիչներ օրեր շարունակ ապրելու են զինվորականի կյանքով՝ բախվելով դժվարությունների». Գոշ Հակոբյանի և Իննա Խոջամիրյանի նոր նախագիծը (լուսանկարներ)

Հայկական շոուբիզնեսի երիտասարդ 6 ներկայացուցիչ մեկ շաբաթ շարունակ «զինվորական ծառայություն» են անցնելու: «PARIE» մեդիան շուտով լսարանին է ներկայացնելու նոր նախագիծ՝ «Ճիշտ այդպես», որը հոկտեմբերի 7-ից ամեն ուրբաթ կլինի ATV-ի եթերում։

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր և ռեժիսոր Գոշ Հակոբյանը պատմել է նախագծի մանրամասները:
«Օգոստոսին ես և Իննա Խոջամիրյանը, որը հանդիսանում է գործադիր պրոդյուսեր, սկսել ենք «Ճիշտ այդպես» նախագիծը, որի շրջանակներում շոուբիզնեսյան ոլորտի երիտասարդ 6 ներկայացուցիչներ օրեր շարունակ պետք է անցնեին զինվորական պատրաստություն՝ անցնելով բազում դժվարություններ, փորձություններ և մրցույթներ»,- ասաց Գոշ Հակոբյանը:

Նախագծի գաղափարի մասին խոսելով՝ պրոդյուսերն ընդգծեց, որ փորձել են ներկայացնել աշխատանք, որը կբարձրացնի մարտական ոգին և պահանջված կլինի ստեղծված իրավիճակում:

«Չնայած նկարահանումներն ավարտել ենք մոտ մեկ ամիս առաջ, այդ ժամանակահատվածում մենք ևս կարևորել ենք բանակը՝ հասկանալով, որ մեր իրականության մեջ աղջիկ-բանակ կապն այդքան էլ սպասելի կամ ընդունելի չէ, բայց վստահեցնում եմ, որ հեռուստադիտողին կհետաքրքրի ողջ ընթացքը»,- նշեց նա:

Նկարահանումներն իրականացվել են Հանքավանում՝ 10-օրյա զորավարժությունների շրջանակներում:

«Ի սկզբանե նախատեսել էինք նախագիծը նկարահանել 10 օր շարունակ, բայց դա դժվարություններից մեկն էր, երբ հասկացանք, որ պետք է սեղմ ժամկետներում նկարահանենք նախագիծը: Աղջիկներն ամբողջապես իզոլացված են եղել արտաքին աշխարհից, նրանք չեն ունեցել ինտերնետ, չեն կարողացել դրսից սնունդ պատվիրել և, իսկապես, օրեր շարունակ ապրել են զինվորի կյանքով»,- ասաց պրոդյուսերը:

Նա նաև անդրադարձավ մասնակիցների ընտրությանը՝ նշելով, որ տվյալ գործառույթի պատասխանատուն եղել է Իննա Խոջամիրյանը:

«Իննան նախագծի գործադիր պրոդյուսերն է և հաղորդավարուհին, նա և՛ մասնակցել է նախագծի նախնական աշխատանքներին, կազմի համալրմանը, և՛ վարել ամբողջ նախագիծը: Աղջիկների ընտրության հարցերով ևս զբաղվել է Իննան: Պետք է նշեմ, որ շատ մասնակիցներ նաև մեկ-երկու օր մտածելուց հետո հրաժարվել են մասնակցել, քանի որ գիտակցել են նախագծի բարդությունը: Այսօր հեռուստադիտողը կտեսնի նաև, որ մասնակիցներից մեկը հենց առաջին սերիայի շրջանակներում ցանկանում է դադարեցնել մասնակցությունը»,- մանրամասնեց Գոշ Հակոբյանը:

Նշենք, որ նախագծի մասնակիցներն են՝ Եվա Բաղդասարյանը, Լիլիթ Օսիպյանը, Իրինա Այվազյանը, Էրմինա Զախարովան, Էվա Խաչատրյանը, Լիլիթ Սարգսյանը և Ժաննա Վելիցյանը:

Նախագծի պրեմիերան կայանալու է այսօր՝ 20:30-ին: