Նունե Եսայանը տոնում է 50-ամյակը. երգչուհու աստղային հյուրերն ու նորությունները

Իր 50-ամյակին նվիրված խնջույքին, երգչուհի Նունե Եսայանը երեկույթի էր հրավիրել աստղային ընկերներին ու հարազատներին և նրանց հետ տոնում էր ինչպես իր ծննդյան օրը, այնպես էլ նոր երգի պրեմիերան: Նունե Եսայանը հայտնում է, որ առաջիկայում բազմաթիվ նորություններ են սպասվում իր կողմից, քանի որ որոշել է ակտիվորեն զբաղվել երգարվեստով և հանդես գալ նոր երգերով ու տեսահոլովակներով։

«Հիմա՝ իմ 50-ամյակին, վստահ կարող եմ ասել, որ ստացածս լավագույն նվերը ձայնս է, որը տվել է Աստված և հմտությունն այն ճիշտ օգտագործելու։
Այսօր բացի իմ 50-ամյակից նաև լրանում է 30 տարին, ինչ ես բեմում եմ, ինչ ելույթ եմ ունենում ինձ հարազատ
դարձած ու սիրելի հանդիսատեսի համար։ Յուրաքանչյուր տարին  անփոխարինելի նվեր է և սրանց հետ չեմ կարող համեմատել նյութական նվերներից որևէ մեկը»,- Showbiz.am կայքի հետ զրույցում խոստովանում է Նունե Եսայանը։

Քչերը գիտեն, բայց տաղանդավոր երգչուհին, ով սկսել է երգել դեռ 5 տարեկանից, իր մասնագիտությունը միանգամից չի ընտրել։ Ավարտելով դպրոցը՝ նա ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Սովորելու հետ մեկտեղ նա աշխատում էր գործարանում, որտեղ էլ նրան կրկին վերադարձավ երգչուհի դառնալու միտքը։ Ընկերուհու խորհրդով նա կիսատ թողեց կրթությունը՝ ընդունվելով Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։
Որպես երգչուհի իր առաջին քայլերը կատարել է 1990 թվականին Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։
Մինչև ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալն ու մեծ հռչակ ձեռք բերելը, Նունե Եսայանը երկար ու բարդ ճանապարհ է անցել
նրա առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով երբեք բաց չի թողնում երգչուհու ծննդյան տոնն ու դստեր՝ Մանե Գրիգորյանի հետ միշտ ջերմորեն շնորհավորում է նրան՝ հպարտանալով իր նախկին սանի փայլուն ձեռքբերումներով։

 

«Թվում է շատ ժամանակ է անցել, բայց ես ինձ, միևնույն է, երիտասարդ եմ զգում։ Երիտասարդ եմ, որովհետև ունեմ փոքրիկ երեխաներ և որովհետև լիարժեք երջանիկ եմ։
Սրտանց մաղթում եմ, որպեսզի բոլորն ունենան այն կյանքից, որը ես ունեմ»,- կիսվում է երգչուհին։

Հայաստանում պատերազմ, սով, մութ ու ցուրտ տարիներ։ Ու հանկարծ հեռախոսազանգ Սիրիայից։ Նունե Եսայանին պայմանագիր են առաջարկում՝ 2 տարի ապրել ու երգել տեղի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։ Արաբական հողի վրա՝ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, երգչուհին տարվեց ժողովրդական երգով ու որոշեց լսելի դարձնել ամբողջ աշխարհում մերը՝ հայկականը։
Սկսվեցին համաշխարհային շրջագայությունները։ Նունեի առջև բացվեցին ոչ միայն արաբական աշխարհի դռները, այլև Եվրոպայի և ԱՄՆ-ի։ Հայկական սփյուռքը կարոտ էր հայկական երգի, իսկ Նունեի կատարմամբ այն կրկնակի հաճելի էր։

90-ականների վերջն ու 2000-ականների սկիզբը բուռն շրջան էր երգչուհու համար։ Անթիվ հյուրախաղեր, շքեղ մենահամերգներ, տասնյակ տեսահոլովակներ։
Հենց այսպես էլ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, եփվելով ու կոփվելով կյանքի թոհուբոհի մեջ, Նունեն կարողացավ հասնել այն փայլուն հաջողությանը, որն այսօր ունի։

 

«Կնոջս մաղթում եմ տոնել ևս մեկ 50-ամյակ»,- կատակում է Նունե Եսայանի ամուսինը՝ հավելելով, որ այսօր իր երջանկության ծննդյան տոնն է,- «ընտանիքս, ծնունդդ շնորհավոր»,- անդադար կրկնում էր նա։

Տարիներ առաջ՝ հենց հյուրախաղերից մեկի ժամանակ էլ, սիրո մայրաքաղաքում՝ Փարիզում, սկսվեց Ավո Խալաթյանի և Նունեի երջանկության պատմությունը։ Այն զգացմունքը, որը ծնվեց Փարիզում, շունչ ու հոգի ստացավ Երևանում։
Շատ շշուկներ ու քննադատություններ էին պտտվում զույգի տարիքային տարբերության վերաբերյալ
չէ՞ որ Ավոն Նունեյից երիտասարդ էր 12 տարով։ Սակայն դա չխանգարեց աստղային զույգին կազմել համերաշխ ու երջանիկ ընտանիք։ Նրանք կյանքում ու բեմում լրացնում են միմյանց, Նունեն՝ խոհեմությամբ, Ավոն՝ հումորով։
Զույգի երջանկությամբ ու հաջողություններով ուրախանում են ոչ միայն հարազատներն ու հանդիսատեսը, այլ նաև նրանց սիրելի ու մտերիմ աստղային ընկերները՝ Սիրուշոն, Ավետ Բարսեղյանը, Արսեն Գրիգորյանը, Արթուր և Մանե Գևորգյանները, տիկին Ռիտա Սարգսյանն ու Լևոն Քոչարյանը, ովքեր իրենց ներկայությամբ զարդարում էին ուրախ աստղածնունդը։

Հիմա, երբ երգչուհին կարծում է, որ կյանքում հասել է այն ամենին, ինչի մասին երազել է՝ ունի հիասքանչ կարիերա, սիրող ու գնահատող հանդիսատես, հավատարիմ ընկերներ, առողջ ընտանիք, որոշել է մի բան անել

«Առաջ կարծում էի, որ 50-ը մեծ թիվ է։ Հիմա այդպես չեմ կարծում։ Հիմա հստակ որոշել եմ, որ ամեն օրս ապրելու եմ այնպես, կարծես թե վերջինս է։ Եվ սկսում եմ դա անել հենց այսօրվանից»։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի