Ջասթին Բիբերը՝ «Ռասիզմը չարիք է» գրությամբ հուդիով՝ ի պատասխան Քանյե Ուեսթի սադրանքի

Ոչ վաղ անցյալում Քանյե Ուեսթը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր Yeezy ապրանքանիշի նոր հավաքածուն։ Մինչ շոուի մեկնարկը, Ye-ն ներկայացել էր շոուի հյուրերի առջև «White Lives Matter» գրությամբ շապիկով, որն իբր վերաիմաստավորում է BLM (Black Lives Matter) շարժման կարգախոսը։ Շատերը քննադատել են Քանյեի հայտարարությունը` նրան մեղադրելով ռասիզմի մեջ։ Սրան արձագանքել են ոչ միայն համացանցի օգտատերերը, այլև հանրային մարդիկ։ Ավելին, վերջին շաբաթներին ռեփերին հաջողվել է վիճել անգամ նրանց հետ, ովքեր միշտ հավատարիմ են եղել նրա աշխատանքին ու ինքնադրսևորմանը։

Այսպիսով, Ջասթին Բիբերը ստիպված է եղել վերջնականապես խզել իր ընկերությունը Քանյե Ուեսթի հետ։ Բանն այն է, որ դիզայներն ու ռեփերը ոչ պատշաճ է խոսել երգչի կնոջ՝ Հեյլիի մասին։ Մոդելը նույնպես քննադատել է Յեին՝ ոչ կոռեկտ հայտարարությունների համար, ինչին ի պատասխան ռեփերը գրել էր «Ջասթին, վերցրու ընկերուհուդ, քանի դեռ չեմ կատաղել»: Դրանից հետո Բիբերի մտերիմները լրագրողներին հայտնել էին, որ նա այլևս մտադիր չէ հանդուրժել Քանյեի պահվածքը և չի ցանկանում շարունակել կապ պահպանել նրա հետ։

Իսկ նախօրեին Ջասթինն արել է իր հայտարարությունը՝ ըստ երևույթին ի պատասխան Քանյե Ուեսթի սադրանքի՝ White Lives Matter մակագրությամբ։ Բիբերին պապարացիները լուսանկարել են Racism is evil հուդիով («Ռասիզմը չարիք է»):