«Վիշապի տան» սցենարիստին զարմացրել է Դեյմոն Թարգարիենի բարձր վարկանիշը

«Վիշապի տան» գրող և գործադիր պրոդյուսեր Սառա Հեսսը և ռեժիսոր Քլեր Քիլները բարձր են գնահատել Դեյմոն Թարգարիենի՝ «Վիշապի տունը» գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր հերոսներից մեկի ժողովրդականությունը: Նրանց խոսքերը մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Հեսսի խոսքով՝ ինքը զարմացած է, որ Մեթ Սմիթի կերպարը դարձել է հայտնի «վիրտուալ-բոյֆրենդ»։ «Իհարկե, Մեթը աներևակայելի խարիզմատիկ և գեղեցիկ է, նա անհավանական է այս դերում: Բայց Դեյմոնը… Ես չէի ցանկանա նման ընկեր ունենալ: Ես զարմացած եմ, բոլորն ասում են՝ ախ, daddy: Եվ ես մտածում եմ՝ իրո՞ք։ Որտե՞ղ էր նա լավ՝ որպես զուգընկեր, հայր, եղբայր, թե մեկ այլ դերում»,- ասել է նա։

Քիլներն իր հերթին աջակցել է նրանց, ովքեր սոցցանցերում Սմիթի կերպարի մասին խանդավառված գրառումներ են արել։ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ այդքան տարվում են կերպարներով, դա զվարճանքի մի մասն է: Ահա քեզ դուր է գալիս մեկը, ապա նաև մյուսը։ Ես չեմ զարմանում. Մեթը սիրում է ռիսկի դիմել, նա ունի այդ թեթև ժպիտը… Դե, անհնար է դիմադրել։ Նա խարիզմատիկ է, իսկ մարդիկ սիրում են վատ տղաներին»,- կիսվել է ռեժիսորը։