Փող չկա․ Բուլղարիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2023»-ին

Բուլղարիան չի մասնակցի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Այս մասին հայտնում է «24 часа» հրատարակությունը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշումը կայացրել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (BNT) խորհուրդը։

BNT-ի վարչությունը հայտնել է, որ հեռարձակողի բյուջեն կրճատվել է 2 միլիոն լևայով (ավելի քան մեկ միլիոն դոլար), մինչդեռ ծախսերը գրեթե եռապատկվել են։

Բուլղարական կողմը նաև նշել է, որ «Եվրատեսիլ»-ի նման շոուներն արդարացված չեն էներգետիկ ճգնաժամի ֆոնին։

Հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ մի շարք երկրներ որոշել են հրաժարվել Լիվերպուլում կայանալիք Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին մասնակցելուց։ Նրանց թվում են Չեռնոգորիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան և Բուլղարիան: Բացի այդ, կասկածի տակ է Սլովենիայից ժամանած մասնակցի առաջիկա ելույթը։