Հայկական ազգանունը միայն օգնել է. Նատալյա Եփրիկյանը` ընտանիքի և ստեղծագործության մասին

Հումորային ժանրի դերասանուհի, Comedy Woman հեռուստանախագծի մասնակից և հեղինակ Նատալյա Եփրիկյանը ժամանակին հաճախ էր այցելում պատմական հայրենիք, իսկ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Հայաստանը գրեթե չի լքել։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նատալյան խոստովանել է, որ հենց այստեղ է այս պահին իրեն առավել հարմարավետ զգում. երկրում ռուսախոսները շատ են, բացի այդ` ստեղծագործական նախագծերի վերաբերյալ հաղորդակցության լայն շրջանակ կա։

Ընտանիքի մասին

Մասնագիտությամբ մաթեմատիկոս-տնտեսագետ եմ, բայց մեծացել եմ շատ ուրախ ընտանիքում։ Հումորը մեզ մոտ միշտ առաջնահերթ է եղել։ Բոլորը ծիծաղում էին իրենք իրենց վրա և միմյանց «թրոլինգ» անում։ Մենք ամբողջ ընտանիքով դիտում էինք ՈւՀԱ-ն, և ես, ինչպես խորհրդային շրջանի ցանկացած դեռահաս, երազում էի այնտեղ հայտնվել: Բացի այդ, հայրս էր ՈւՀԱ-ից, ելույթ էր ունենում Երևանում, որտեղ մեկ տարի սովորել էր։

Ռուսական բեմում հայկական ազգանունն ինձ միայն օգնել է։ Չէ՞ որ հումորում հայերն իրենց շատ լավ են դրսևորել։

Հայաստանում զավեշտալի իրավիճակների մասին

Երևանում ինձ հաճախ են ճանաչում։ Բայց այս ուշադրությունն ամենևին էլ կպչուն չէ. մարդիկ պարզապես ժպտում են: Միայն վերջերս, շատ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ, մի շատ տարօրինակ մարդ մոտեցավ ինձ և այսպես դանդաղ ասում է.

-Բարև Ձեզ։ Ես Ձեզ ճանաչեցի, և մենք միասին շատ բաների մասին կարող էինք խոսել։ Բայց դուք իզուր եք մտածում, որ մենք Ձեզ հետ խոսելու բան չունենք։

-Գուցե հաջորդ անգամ,-պատասխանում եմ ես։

-Իզուր, իզուր եք հրաժարվում,-պնդում էր նա…

Զավեշտալի իրավիճակներից նաև այս մեկն եմ հիշում: Կարանտինի ժամանակ Արսեն Գրիգորյանի հետ Ջերմուկում էինք։ Հաճախ էինք միասին զբոսնում դատարկ քաղաքով։ Շուրջբոլորը լռություն էր։ Արդեն ապրիլն էր, բայց դեռ ձյուն էր նստած։ Եվ ահա մի անգամ, լեռներում հերթական զբոսանքի ժամանակ, ցուցանակ եմ տեսնում:

Ես հայերեն այդքան էլ լավ չեմ կարդում, և Արսենին հարցնում եմ, թե ինչ է այնտեղ գրված։ Եվ նա այսպես հանգիստ պատասխանում է. «Զգուշացե՛ք, արջեր են»: Եվ հանկարծ երկուսս էլ հասկացանք, որ հենց այդ եղանակին նրանք արթնանում են ձմեռվա քնից…

Հայերենի մասին

Ես հայերենին տիրապետում եմ։ Կատարյալ չեմ խոսում, բայց բավականին ազատ շփվում եմ։ Եթե ինչ-որ բան չեմ հասկանում, նորից եմ հարցնում։ Իմ ռուս ընկերներն արդեն հաստատ 10-15-ական բառ գիտեն։ Նրանք ուզում են ամենահաճախ գործածվող արտահայտություններն իմանալ, որովհետև արդեն այսքան ժամանակ անընդհատ հայերեն խոսք ենք լսում, և անհնար է ոչինչ չսովորել։

Աղբյուր՝ Sputnik Արմենիա