Քանյե Ուեսթը խոստովանել է, որ կսիրի Քիմ Քարդաշյանին մինչև կյանքի վերջ

Այս տարվա մարտին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես բաժանվել են յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նրանք բաժանվել են անցյալ տարի, սակայն ամուսնալուծության գործընթացը ձգձգվել է Յեի կողմից որոշ տարաձայնությունների պատճառով: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝ նրանց ամուսնալուծության հարցը վերջնական փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։

Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլևս չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել և այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Նրա մտերիմներն ասում են, որ նա պարզապես երազում է, որ նախկին ամուսինը վերջապես իրեն հանգիստ թողնի։ Բայց ռեփերը կարծես այլ կարծիքի է. մի ամբողջ տարի նա փորձում էր բոլոր հնարավոր ձևերով (երբեմն ոչ այնքան էլ հաճելի) գրավել Քիմ Քարդաշյանի ուշադրությունը։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչքան է ուզում տեսնել իրենց ընտանիքի վերամիավորումը և, չնայած իր կյանքում նոր կանանց առկայությանը, հավատարիմ է մնում Քիմ Քարդաշյանին։

Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեև «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ նրա և իր ընտանիքի պաշտպանը լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաև հավելել է, որ որքան էլ տարօրինակ է, Քիմին սիրելու է իր ողջ կյանքում։