1 օրում 2 մլրդ դոլար եմ կորցրել և դեռ ողջ եմ. Քանյե Ուեսթ

Ամերիկյան ռեփեր, պրոդյուսեր, դիզայներ Քանյե Ուեսթը պնդում է, որ մեկ օրում երկու միլիարդ դոլար է կորցրել, քանի որ հայտնի ընկերություններն ու ապրանքանիշերը հակասեմական հայտարարությունների պատճառով խզում են իր հետ կնքած պայմանագրերը:

45-ամյա աստղն այս մասին պատմել է ինստագրամյան էջում, որտեղ որոշ ժամանակ արգելափակված էր աղմկահարույց հրապարկումների պատճառով:

Քննադատելով իր դեմ սկսված արշավը՝ Ուեսթն ընդգծել է, որ փողն իր էությունը չէ: Բացի այդ նա նամակ է գրել Հոլիվուդի ամենահայտնի գործակալներից համարվող Արի Էմանուելին, որը բոլոր խոշոր ընկերություններին կոչ էր արել խզել պայմանագրերը Ուեսթի հետ՝ հայտարարելով, որ հակասեմականության հանդուրժում որևէ տեղ չպետք է լինի:

«ՍԻՐՈ ԽՈՍՔ» վերնագրված գրառման մեջ Ուեսթը նշել է. «Արի Էմանուել, ես մեկ օրում կորցրել եմ 2 միլիարդ դոլար և դեռ ողջ եմ։ Սա սիրո խոսք է: Ես դեռ սիրում եմ քեզ:  Աստված դեռ սիրում է քեզ: Փողն իմ էությունը չէ: Ժողովուրդն է իմ էությունը»:

Ուեսթն այժմ ունի համեմատաբար «աննշան» գումար՝ 400 միլիոն դոլար, որը Forbes-ի գնահատմամբ՝ ստացվում է անշարժ գույքից, կանխիկ գումարից, նրա երաժշտական կատալոգից և նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի Skims ընկերությունում հինգ տոկոս բաժնեմասից: 

Նշենք, որ Ուեսթի հակասեմական հայտարարություններից հետո նրա հետ համագործակցությունը խզել են Adidas AG, Balenciaga, Gap ընկերությունները: