«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի 16 մասնակիցները կվառեն հանրապետության տոնածառի լույսերը

Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթից առաջ, սկսած դեկտեմբերի 4-ից Երևանում տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն Հայաստան եկած 16 երկրների պատվիրակությունների համար։ Տեղեկությունը, ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն, այսօր ասուլիսում հայտնել է «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

«Մենք հնարավորություն ենք տալու 16 պատվիրակությունների երեխաներին ծանոթանալու Հայաստանի մշակույթին, պատմությանը։ Երեխաներն այցելելու են թանգարաններ, տեսարժան վայրեր։ 10 օր շատ խիտ գրաֆիկ են ունենալու , և այնպես ենք արել, որ փորձերին զուգահեռ, յուրաքանչյուր ազատ ժամն օգտագործեն Հայաստանը բացահայտելու համար»,-ասել է Ծերունյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում 16 երկրներից ժամանած երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։ Այդպես կտրվի «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի բացման արարողության մեկնարկը։

Ծերունյանն ընդգծել է, որ այս տարվա եվրատեսիլյան բեմի կոնցեպտի վրա ամիսներով աշխատել են հայ դիզայներները և նրանց հաջողվել է զարմացնել ու գոհացնել եվրոպացի գործընկերներին։

«Շատ կարևոր էր ունենալ բեմ, որն ազատ ստեղծագործելու հնարավորություն կտա բոլոր պատվիրակություններին, որպեսզի կարողանան իրենց հրաշքը ստեղծել բեմի վրա»,-ասել է նա։

Բացելով փակագծերը` Ծերունյանը նշել է, որ մրցույթի ընթացքում ելույթ կունենա և իր նոր երգը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող, Հայաստանը ներկայացրած Մալենան։

Բացի այդ, մրցույթի կազմակերպիչները Հայաստան են հրավիրել նախորդ տարիների բոլոր հաղթողներին, քանի որ այս տարի մրցույթի հոբելյանական 20-ամյակն է։ Մասնակիցներից շատերը հաստատել են, որ կգան, մի քանիսի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։