Իրինա Թովմասյանի ընտանիքում այսօր դպրոցական տրամադրություն է, նոր շունչ ու հետաքրքիր իրարանցում. Չէ՞ որ փոքրիկ Ալյան հաճախում է առաջին դասարան, իսկ բացի դա, վերջերս տեղի ունեցավ Ալյայի նոր երգի տեսահոլովակը, որը տոնվեց մեծ շուքով, մանկական հրաշալի ծրագրով և ազդարարեց փոքրիկի առաջին քայլերը դեպի նոր ու մեծ աշխարհ: ShowBiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Իրինա Թովմասյանը պատմել է առաջին տպավորությունների, Ալյայի արձագանքի ու հաճույքով դպրոց հաճախելու մասին:
Վերջերս տեղի ունեցած Ալյայի տեսահոլովակի ու նոր երգի մասին մեզ հետ ունեցած զրույցում պատմեց Իրինան. «Երգի հեղինակ Սուսաննա Բարսեղյանը այս երգը նվիրեց Ալյային. այնքան գեղեցիկ երգ է, որ անմիջապես որոշեցինք, որ այն պետք է նաև տեսահոլովակ ունենա: Գործիքավորումն արեց մեր սիրելի Վահան Նահապետյանը: Թե՛ Սուսաննան, թե՛ Վահանը շատ տաղանդավոր են և լավ գիտեն, թե ինչ է պետք երեխաներին»,-ասում է Իրինան ու հավելում, որ տեսահոլովակի ռեժիսորը իր հավատարիմ ընկերուհի Նելլին է, ով չափազանց լավ է ճանաչում Ալյային և գիտի նրա բոլոր քմահաճույքները:
Տեսահոլովակին յուրահատուկ գույն և տրամադրություն են հաղորդել նաև պարուսույց Արտյոմ Գևորգյանը, ով այնպիսի պար էր բեմադրել, որտեղ ներգրավված էր նաև Ալյայի քույրիկը՝ Մարիան: Ի դեպ՝ Մարիան տեսահոլովակում, տիկնիկին գրկած, դեպի դպրոց է ճանապարհում իր փոքրիկ քույրիկին. անչափ հուզիչ է այդ պահը: Իսկ անկրկնելի ու գեղեցիկ զգեստների համար նրանք անչափ շնորհակալ են Տաթևիկին, որի աշխատանքով Իրինան պարզապես հիացած է:
Նկարահանման ողջ ընթացքը շատ ուրախ ու լավ է անցել: Ինչպես մայրիկն է նշում, Ալյան տարերքի մեջ էր, առանց նվնվոցի ու հոգնածության անցել է նկարահանման ողջ ընթացքը. «Առավոտյան, երբ արթնացանք, մենք հոգնած էինք, իսկ Ալյան, ասաց՝ «Վե՞րջ, այսքա՞նն էր նկարահանումը, էլի եմ ուզում»: Ալյան այն երեխան է, որը շատ մեծ ցանկություն ունի երգելու, պարելու ու նկարահանվելու. պարզապես հանցագործություն կլինի չանել ու չօգնել դստերս այս բնագավառում»:
Եթերային ու գեղեցիկ այս օրերին հաջորդում է նոր կյանքն ու առաջին քայլերը դեպի դպրոց. «Ալյան այժմ առաջին դասարանի աշակերտուհի է: Առաջին օրը ամեն բան շատ գեղեցիկ էր կազմակերպված. հայկական ավանդական երգ ու երաժշտության ներքո 10-րդ դասարանցիները առաջին դասարանցիներին ուղեկցեցին դասարան, որից հետո մոտ 1.5 ժամ տևողությամբ հաճելի զրույց են ունեցել փոքրիկները իրենց դասղեկի հետ»,- պատմում է Իրինան և նշում, որ դուստրը շատ մեծ հաճույքով է հաճախում դպրոց և ուրբաթ օրերին տխրում է, որ 2 օր տանն է մնալու. դպրոցում դասերը շատ թեթև են դեռ անցնում. նրանք խաղում են, սովորում և զրուցում»,-պատմում է մայրիկը:
Ի դեպ՝ փոքրիկ Ալյան մայրիկին ու հայրիկին զգուշացրել է, որ եթե հանկարծ ծնողները իրեն հանեն նկարչության, պարի ու լողի խմբակներից, ինքը պարզապես չի հաճախի դպրոց: Իսկ դպրոցը հաստատ ապագայում չի խանգարի նոր երգերին, տեսահոլովակներին ու երգ ու պարին: Այսպիսով սպասվում են նաև նորություններ ու հետաքրքիր անակնկալներ փոքրիկներին: