Թեդդի արջուկ և զուգարանակոնքի հատուկ նստատեղ․ ինչ է պահանջում Չարլզ III-ն այլ տեղ մեկնելիս

Չարլզ III-ի «Թագավոր» կենսագրական գրքի հեղինակ Քրիստոֆեր Անդերսենը պատմել է այն անսովոր իրերի մասին, որոնք բրիտանացի միապետը նախընտրում է վերցնել իր հետ թագավորական նստավայրից հեռանալիս։

Լրագրողի խոսքով՝ երկար տարիներ Չարլզ III-ը չի բաժանվում իր սիրելի խաղալիքից՝ Թեդդի արջուկից։ Նա թույլ է տալիս միայն իր դայակ Մեյբել Անդերսոնին ձեռք տալ խաղալիքը։ Վերջինս նորոգում էր փափուկ արջուկը, երբ կարերը բացվում էին: Խաղալիքը նույնիսկ սեփական սպասավոր ուներ։

Թագավորական կենսագիրը գրքում նաև գրում է, որ Չարլզ III-ը ճանապարհորդում է «հատուկ պատվերով պատրաստված զուգարանակոնքի նստատեղով» և հաճախ անձնական խոհարարին տանում է պալատից դուրս հանդիպումների ժամանակ:

Չարլզ III-ի «տարօրինակություններից» մեկը բնորոշ է ոչ միայն նրան, այլև թագավորական ընտանիքի որոշ այլ անդամներին, ասում է Անդերսենը, այն է՝ հակակրանքը քառակուսի սառցաբեկորների նկատմամբ։ «Նրանց դուր չի գալիս այն ձայնը, որ արձակում են սառցե խորանարդները, ուստի իրենց հետ տանում են սառցե խորանարդի սկուտեղներ»,- գրում է կենսագիրը։

Չարլզ III-ը բրիտանական գահ է բարձրացել սեպտեմբերի 8-ին մոր՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։ Միապետի պաշտոնական թագադրումը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։