1 մլն դոլար՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի կողքին նստելու համար

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն բարեգործական գալա ընթրիքի, իսկ նրանց սեղանի շուրջ նստելու տոմսերը կվաճառվեն 1 մլն դոլարով, հայտնում է Mirror-ը։

Դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում տեղի կունենա «Հույսի զարկերակ» միջոցառմանը, որի շրջանակներում Սասեքսի դուքսն ու դքսուհին մրցանակ կստանան իրենց բարեգործական գործունեության և մարդու իրավունքների համար պայքարում ներդրած ավանդի համար: Արարողությունից հետո տեղի կունենա գալա ընթրիք, որտեղ հանդիսատեսը կարող է շփվել միջոցառման պատվավոր հյուրերի հետ:

Ընթրիքի տոմսերի արժեքը սկսվում է 500 հազար դոլարից, որը ներառում է լուսանկարներ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հետ: Առավելագույն գինը մեկ միլիոն դոլար է. այս գումարը ներառում է չորս նստատեղ դքսերի հետ նույն սեղանի շուրջ։

Այնուամենայնիվ, հարուստ ամերիկացիները պատրաստ են վճարել Հարրիի և Մեգանի հետ շփվելու համար:

«Մենք սիրում ենք թագավորական ընտանիքի անդամներին։ Եվ ես կփորձեմ գնել այդ տոմսերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոս Անջելեսի մի բնակիչ։

«Հույսի զարկերակ» միջոցառումը կազմակերպում է Ռոբերտ Քենեդու հիմնադրամը: Նախորդ տարիներին հիմնադրամի կողմից մրցանակներ են ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը, ինչպես նաև Հիլարի Քլինթոնը։