Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին ողջ մնացած դերասանը

Ամերիկացի դերասան Միկի Կունը, որը նկարահանվել է «Քամուց քշվածները» (1939) ֆիլմում, մահացել է 90 տարեկան հասակում։ The Hollywood Reporter-ին հայտնել է նրա կինը՝ Բարբարան։

Նրա խոսքով՝ դերասանը մահացել է կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի հոսպիսում։

Ըստ մի շարք լրատվամիջոցների, Կունը եղել է «Քամուց քշվածներ» ֆիլմի վերջին ողջ մնացած դերասանը: Այս ֆիլմում նա մանուկ հասակում նկարահանվել է Էշլի Ուիլքսի և Մելանի Համիլթոնի որդու դերում, որոնց մարմնավորում են համապատասխանաբար Լեսլի Հովարդը և Օլիվիա դե Հևիլենդը։

Բացի «Քամուց քշվածներ»-ից, Կունը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հուարեսը» (1939), «Դիկ Թրեյսին»(1945) և «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946): 1950-ականների վերջին դերասանական կարիերան ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել  «American Airlines»-ում, որտեղ աշխատել է ավելի քան երեք տասնամյակ: