Թեև արդեն զգացվում է աշնան շունչը, սակայն դեռ շատերը չեն ցանկանում բաց թողնել ամռան հիշողություններն ու պատկերները: Հայ հայտնիները ևս դեռ շարունակում են հրապարակել իրենց ամռան վերջին լուսանկարները` պատրաստվելով դրանք փոխարինել աշնանայինով: Բայց երբ սեպտեմբերն ազդարարում է իր սկիզբը, բնականաբար, ամեն բան փոխվում է: Դպրոց, ուսումնական տարի, և կարծես թե մի նոր կյանք: Այս ամենի անցումային փուլում է գտնվում նաև հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն ու իր ընտանիքը: Բազմազավակ մայրիկի համար կրկնակի փոփոխությունների ու նոր փուլի շրջան է: Ավագ դստեր դասերն են սկսվել, իսկ փոքրիկ Սառան առաջին անգամ մանկապարտեզ է հաճախելու: ShowBiz.am-ն անդրարդարձել է Մերիի ընտանեկան թոհուբոհին և մի փոքր էլ ընկել ամառային հիշողությունների ու ավարտված արձակուրդային տրամադրության գիրկը:
«Ամառը տարվա մեր բոլորի սիրելի ժամանակահատվածն է: Մեր ընտանիքը հանգիստը սովորաբար սկսում է պլանավորել կամ տարվա վերջին կամ նոր սկսվող տարվա սկզբին: Արդեն գարնան ավարտին սկսում ենք շրջել Հայաստանով. սիրելի վայրեր ունենք, ուր հաճախ ենք լինում: Այս շրջանում մեր ընտանիքի համար առաջնայինը երեխաների հետ հանգստի մեկնելն է. նրանց ներկայությունը պարտադիր է մեզ համար: Ուստի արդեն մի քանի տարի է՝ երկրի ներսում ենք հանգստանում կամ շատ մոտ: Իսկ ամառը չենք պատկերացնում առանց հանգստի: Չեմ հիշի մի ամառ, որն անցկացրել եմ առանց հետաքրքիր ու հիշարժան հանգստի»,- ասում է Մերին:
Հաղորդավարուհին խոստովանում է, որ ինքն ու ամուսինը երազում են ճամփորդելու մասին, երբ կկարողանան գիշեր ու ցերեկ քայլել օտար քաղաքների փողոցներում, բացահայտել նորն ու չտեսածը: Նրանք վստահ են, որ 2-3 տարի հետո սկսելու են իրականացնել իրենց երազանքը, երբ բալիկներն ավելի մեծ կլինեն ու պատրաստ` առանց իրենց կարճ ժամանակ մնալու:
Նրանց ընտանիքն այս տարի, ինչպես և որոշել էր, ամառային հանգիստը սկսել է Արցախից. «Ունեինք ընդամենը մի քանի օր. երեխաներից 2-ը` փոքրերը, ունեն իրենց ուտելու ու քնելու ժամերը, ուստի նրանց հետ այս ու այն կողմ գնալը տեխիկապես դժվար էր: Բայց իմ ու Գոռի համար ամեն բան հեշտ և ուրախ է. մենք հասցրինք կարճ ժամանակում բացահայտել Արցախի զգալի մասը. հիացած ենք ու սիրահարված: Հաջորդ կանգառը Տավուշի մարզն էր, ֆանտաստիկ մի հյուրանոց էինք գտել, որի տեղակայման դիրքն ուղղակի շշմեցնող էր: Հետո արդեն Սևան, քանի որ երեխաների հետ երբեք առիթ չէր լինում Սևանում մնալու»:
Իրականում, երեխաների հետ, իհարկե, բարդ է կազմակերպել կատարյալ հանգիստ. «Ինձ միշտ ասում են, դու երեխաների հետ գնում ես հանգստանալու, թե՞ անհանգստանալու, բայց ես վայելում եմ հանգստիս յուրաքանչյուր րոպեն: Ճիշտ է, դժվար է, երբեմն հոգնեցնող, բայց երբ կողքիդ Գոռն է, երբ մեր մոտեցումներն ու սպասելիքները մի քիչ ուրիշ են, երբ ամեն հարցի թեթև ու ժպիտով ենք վերաբերվում, հանգիստն էլ ակամա հաջողվում է»,-ուրախությամբ նշում է նա:
Հաղորդավարուհին սեպտեմբերը համարում է տարվա ամենալարված ու բարդ ամիսներից մեկը. «Ամեն բան կարծես սկսվում է զրոյից, և այս տարին բացառություն չէր։ Էվայի դպրոցն ենք փոխել. սա ենթադրում է մի շարք փոփոխություններ մեր գրաֆիկում, գումարած խմբակներ։ Այս տարի Սառան առաջին անգամ մանկապարտեզ է հաճախելու, սա ևս նորություն է մեր ընտանիքի համար։ Այսինքն ադապտացիոն փուլ է բոլորիս համար։ Աշխատավայրում գլոբալ փոփոխություններ չկան, Հանրայինում սկսված է նոր եթերաշրջանը՝ հետաքրքիր նախագծերով ու հաղորդումներով։ Ես շարունակում եմ իմ գործունեությունը «Լուրեր»-ում։ Իմ ղեկավարած «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությամբ նույնպես այս աշնանը սկսելու ենք նոր մեծ նախագիծ, որն ընդգրկելու է Հայաստանի մի քանի մարզ. մի քանի օրից կմեկնարկի ծրագիրը։ Մի խոսքով բարդ է շատ ամեն բան հասցնելը, բայց իմ ու Գոռի տեսակին հարիր չէ նվնվալն ու դժգոհելը․ մենք տրամադրված ենք մարտական ու անում ենք այնպես, որ ամեն ցանկացած հարց իրագործվի մաքսիմալ արդյունավետ ու որակյալ»,-եզրափակեց նա:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան