Ալկոհոլը, չլինելով սննդամթերք, ունի բավական բարձր կալորիականություն, ուստի կանոնավոր ոգելից խմիչքներ օգտագործելու դեպքում սննդի սահմանափակումներն անարդյունավետ կլինեն և քաշը կշարունակի ավելանալ։ Այս մասին lenta.ru-ի հետ զրույցում ասել է նարկոլոգ Վալենտին Սկրյաբինը։
Ինչպես նշել է մասնագետը, մեկ գրամ մաքուր էթանոլում պարունակվում է մոտ յոթ կալորիա, ինչը զգալիորեն գերազանցում է սպիտակուցների ու ածխաջրերի մեջ պարունակվող կալորիաները։ Այսպիսով՝ իր սննդային արժեքով էթանոլը մոտ է ճարպերին, որոնց մեկ գրամում ինը կալորիա է պարունակվում։
«Եթե հաշվի առնենք նաև ալկոհոլային ըմպելիքների այլ բաղադրիչները, ինչպիսիք են ցորենը, գարին և խաղողը, ինչպես նաև չխմորված օսլան և շաքարը, ապա ըմպելիքի կալորիականությունը կարող է մի քանի անգամ բարձրանալ», – նշել է Սկրյաբինը:
Ինչ վերաբերում է հյութեր ու գազավորված ըմպելիքներ պարունակող քաղցր կոկտեյլներին, ապա դրանք արդեն իսկ բարձր կալորիականություն ունեն, իսկ իրենց համային առանձնահատկությունների պատճառով դրանք նաև մեծ քանակությամբ են կիրառվում։ Ավելին՝ ալկոհոլը դատարկ կալորիաների աղբյուր է և չի հագեցնում, ուստի դրա օգտագործման դեպքում մարդիկ ստիպված են լինում նաև որոշակի սնունդ օգտագործել, ինչը ևս կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ, ընդգծել է մասնագետը։