Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է իր իսկ հիմնած Yeezy ընկերության դիզայներներից մեկի՝ Բիանկա Սենսորիի հետ։ Այս մասին գրում է tmz.com-ը:
Նշվում է, որ 45-ամյա ռեփերն ու Բիանկան մասնավոր արարողություն են կազմակերպել. զույգին նկատել են ամուսնական մատանիներով: Քանյե Ուեսթին առաջին անգամ մատանիով նկատել են անցյալ շաբաթ. աղբյուրները հայտնել են կայքին, որ մատանին խորհրդանշում է նրա նվիրվածությունը կնոջը: Գրում է Tert.am-ը։

Չնայած հարսանեկան արարողության անցկացմանը, զույգի միությունն օրինական չէ, քանի որ զույգը ամուսնության վկայական չի ստացել, հայտնում է TMZ-ը:
Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար : Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:
Անցյալ ամիս Քանյեն թողարկել է կնոջ մասին երգ՝ դրա վերնագրում ներառելով նրա ազգանունը. խոսքը Censori Overload երգի մասին է, որի տեքստում ռեփերը խոստովանում է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն չի ունեցել սիրելիի հետ:
Հատկանշական է, որ ներկայում կարճ վարսեր ունեցող շիկահեր Բիանկան նախկինում եղել է սևահեր ու ընդհանուր ոճով չափազանց նման է եղել Քիմ Քարդաշյանին: Այդ են փաստում նրա նախկին լուսանկարները:


Երկուշաբթի օրը ռեփերին նկատել են Բիանկայի հետ զրուցելիս և ճաշելիս Բևերլի Հիլզի Waldorf Astoria-ում:

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել են նոյեմբերին: Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ գրեթե յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը չորս երեխա ունի՝ իննամյա Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեքամյա Փսալմը:
TMZ-ն պարզել է, որ Քիմը ամսական կստանա 200 000 դոլար երեխաների աջակցության գումար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Քիմն ու Քանյեն համատեղ խնամակալություն կունենան իրենց երեխաների նկատմամբ։

Աղբյուր՝ Tert.am