«Խեղճ ծնողներին ի՞նչ պատասխան եք տալու». Նազենի Հովհաննիսյանը՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու մասին

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում անդրադառնալով ողբերգական դեպքին՝ հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Խեղճ ծնողներին ի՞նչ պատասխան եք տալու: Երեխեքի հոգիներին ի՞նչ եք ասելու: 44 օրվա պատերազմից հետո իբր «խաղաղության», իսկ իրականում երկիրն ամբողջապես թշնամուն հանձնած ու անընդհատ նոր հանձնումի թղթերով, ստորագրություններով այսպե՞ս եք փրկում ազգը, Երկիրը, մարդկանց: Թող ամեն մի ծնողի ապրածն այս տարիներին, դարերով ձեզ հետապնդի, ու քրքրի, դժոխքի բաժին դառնաք: Ուրիշ բան վաղուց արդեն ասելու չկա: Տառերս, բառերս ցամաքել են ու ամուլ դարձել՝ երկրի պես: Թող ամեն մի ծնողի ապրածը՝ այս տարիներին, դարերով ձեզ հետապնդի, ու քրքրի՝ դժոխքի բաժին դառնաք: Ուրիշ բան վաղուց արդեն ասելու չկա: Տառերս, բառերս ցամաքել են ու ամուլ դարձել՝ երկրի պես: Ու էլի հանկարծ սգո օր չհայտարարեք, սուգ չպահեք, ամոթ է, որ դուք հանկարծ սգաք: Մի նոր «տոն»-ով կկուրացնեք նորից մի քանի հազարի՝ մինչև նոր զոհ, հոգեծախ կառավարիչները միշտ մահ են ուզելու, դա է նրանց մնալու գինը. արյան գինը: Ափսոս երկիրս»: