Ի տարբերություն կանանց՝ տղամարդկանց զգեստապահարանն ավելի համեստ է ու աչքի չի ընկնում չափազանց վառ կամ էքստրավագանտ կերպարներով:
Ոճային լինելը տղամարդկանց մոտ ավելի դժվար է. եթե կանայք կարող են մերկացնել իրենց որոշ բարեմասնություններ՝ թվալով սեքսուալ, կամ ընտրել գեղեցիկ զգեստ, կիսաշրջազգեստ, տաբատ, ապա տղամարդիկ պետք է կարողանան ներկայացնել իրենց ճաշակը միայն տաբատի և վերնաշապիկի ճիշտ ու էլեգանտ ընտրությամբ:
Երիտասարդ տղամարդկանց ոճաբանները խորհուրդ են տալիս շատ փորձարկումներ անել գույների հետ՝ չվախենալով համարձակ համադրություններից:
Երիտասարդ տղամարդկանց զգեստապահարանից պետք է անպակաս լինեն վառ ու աչքի ընկնող գույները՝ կարմիր, վարդագույն, նարնջագույն, երկնագույն: Սրանք կերպարին թեթևություն են հաղորդում:
Եթե երիտասարդները վախենում են նման գույներից, ապա հարկավոր է նախապատվությունը տալ կարմիրի, կանաչի, կապույտի և մոխրագույնի մուգ երանգներին: Աշխատեք, որպեսզի հագուստի մեջ սև գույնը հազվադեպ հանդիպի:
Սևի հաճախակի ընտրությունը խոսում է տղամարդու երևակայության պակասի կամ անհամարձակության մասին: Փորձեք սևը փոխարինել մոխրագույնով, կապույտով կամ շականակագույնով:
Տղամարդկանց նորաձև է դարձնում աքսեսուարների ճիշտ ընտրությունը. ճիշտ ընտրված ակնոցը, թևնոցը կամ ժամացույցը կարող են յուրաքանչյուր տղամարդուն դարձնել էլեգանտ ու նորաձև: