Ամերիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը նորից Հայաստան է գալիս:
Քարդաշյանի այցը նախատեսված է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք WCIT համաժողովի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է նաև նրա ելույթը:
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանցի, մեդիայի, լրագրության, արվեստի վրա: Նիստում կքննարկվեն նաև՝ ինչպես կանդրադառնան տեխնոլոգիական զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների և բիզնես մոդելների վրա:
Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։
Քննարկումնրին կմասնակցի նաև PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահը, «Յուքոմ» ընկերության համահիմնադիրը՝ Ալեքսանդր Եսայանը, Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ նշել է, որ իրենք որոշել են համարձակ ու ոչ սովորական մոտեցում ցուցաբերել. չէ՞ որ Քարդաշյանը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից և ամենաազդեցիկ ձայներից մեկն է: Ալեքսանդր Եսայանի պնդմամբ՝ առանց Քիմի մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։
Սա կլինի Քարդաշյանի երկրորդ այցը Հայաստան:
Առաջին անգամ Քարդաշյանը Երևան էր ժամանել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: