Ցելյուլիտը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր կանայք։ Ընդ որում՝ շատ հաճախ այս տհաճ խնդրին բախվում են ավելորդ կիլոգրամներ չունեցող կանայք, ուստի այն ոչ միշտ է կախված լինում քաշից։ Ցելյուլիտի դեմ պայքարը կարող է շատ բարդ լինել, սակայն սննդաբան Լյուբով Պիշալկինան ներկայացրել է մի քանի պարզ քայլ, որոնք կօգնեն կանխել դրա զարգացումը։
Ինչպես գրում է medikforum.ru կայքը, ցելյուլիտը պայմանավորված է ոչ թե ավելորդ քաշով, այլ մաշկի որակով, իսկ մաշկն իր հերթին ամբողջ օրգանիզմի վիճակի արտացոլումն է։ Սա է պատճառը, որ ցելյուլիտի դեմ պայքարում հաջողության հասնելու համար հարկավոր է համալիր մոտեցում ցուցաբերել։
«Առաջին և ամենակարևոր քայլը սննդակարգն է։ Դարձրեք այն առավելագույնս մաքուր ու օգտակար, ինչը ենթադրում է հնարավորինս քիչ աղտոտող մթերք, տրանսճարպեր ու շաքար»,- նշել է փորձագետը։
Ցելյուլիտի դեմ հաջող պայքարի երկրորդ նախապայմանը լիմֆոդրենաժն է՝ ավշի ճիշտ արտահոսքը, որը հարկավոր է հնարավոր բոլոր միջոցներով ակտիվացնել ու խթանել։ Այդ մեթոդները բազմաթիվ են և դրանց շարքին են դասվում մերսումը և մարզումները, հատկապես՝ կարդիովարժանքն ու բոդիֆլեքսը։
Երրորդը քայլը տարատեսակ հակացելյուլիտային քսուքների, տարբեր պրոցեդուրաների ու արտաքին խնամքի միջոցների գործածությունն է։
Այս քայլերին հետևելը կօգնի ազատվել արդեն իսկ ի հայտ եկած ցելյուլիտից և կկանխի դրա զարգացումը, սակայն մասնագետը նախազգուշացրել է, որ քայլերի հերթականությունը շատ կարևոր է, քանի որ այն խախտելու կամ առաջին երկուսն անտեսելու դեպքում գործադրած ջանքերն անարդյունավետ կլինեն կամ նվազագույն արդյունք կապահովեն։
Հարկ է հիշել, որ տարատեսակ հակացելյուլիտային քսուքներն ու այլ կոսմետիկ միջոցներն առանց սննդակարգը կարգավորելու և լիմֆոդրենաժը խթանելու անիմաստ են, ուստի դրանք պետք է կիրառվեն բացառապես որպես հավելյալ օգնող միջոց, այլ ոչ թե հիմնական։