Ո՞րն է գլխամաշկի թեփի առաջացման հիմնական պատճառը

Գլխամաշկի թեփի ի հայտ գալու գլխավոր պատճառը գլխամաշկի ճարպագեղձերի բորբոքումն է։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է կոսմետոլոգ, մաշկաբան Ալտանա Բազիլևան՝ հավելելով, որ գլխամաշկի ավելորդ ճարպը դառնում է քորի պատճառ։

Մասնագետի խոսքով՝ սեբորեային դերմատիտի առաջացումը կապված է գլխամաշկի ճարպի առատ արտազատման հետ, ինչին նպաստող գործոնների շարքին է դասվում սթրեսը, որի ժամանակ օրգանիզմում մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն է արտադրվում։

«Կորտիզոլի ավելցուկը նվազեցնում է մաշկի պատնեշային գործառույթն ու դրա վերականգնման արագությունը։ Բացի այդ, թեփի ի հայտ գալու վրա ազդում են նաև իմունադեֆիցիտային վիճակները՝ շաքարային դիաբետն ու որոշակի հոգեմետ դեղերի ընդունումը», – բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ այս խնդիրն առավել ծանր է լինում տղամարդկանց մոտ, ինչը կարող է պայմանավորված լինել մաշկային ճարպի ավելի ակտիվ արտազատմամբ։ Բացի այդ, տղամարդիկ ավելի քիչ ժամանակ են հատկացնում իրենց մազերի խնամքին, քան կանայք։