Ինձ մոտ ստացվում է հումոր անելը․ Նինա Տիտանյանը՝ «Բլբուլյաններ»-ում նկարահանվելու և TikTok-ում հայտնիության մասին

«Բլբուլյաններ» հայտնի սիթքոմը վերադառնում է Արմենիա TV-ի հեռուստաեթեր հին ու նոր կերպարներով և հումորային հետաքրքիր հանգուցալուծումներով։

Սիթքոմի այս երթերաշրջանում արդեն սիրված դերասաններին կմիանա նաև նոր կերպար, որին կմարմնավորի բլոգեր Նինա Տիտանյանը, ով համացանցի օգտատերերին հայտնի է իր հումորային հոլովակներով։ ShowBiz.am-ի հետ զրույցում Նինան պատմել է հեռուստատեսային նկարահանումների առաջին փորձի, իր կերպարի և հետագա պլանների մասին։

«Սա հեռուստատեսային նկարահանման իմ առաջին փորձն է եղել։ Դժվարությունները հիմնականում կապված էին այն դետալների հետ, որոնց ես չէի տիրապետում նկարահանման հրապարակում։ Բայց կարողացել եմ այդ փուլը հաղթահարել, քանի որ դերասանական ամբողջ կազմը՝ ռեժիսորի գլխավորությամբ ինձ օգնել են նկարահանումների ընթացքում և կարողացել են ինձ ճիշտ ուղորդել»,- պատմում է բլոգերը։

Նինան նախագծում հայտնվել է քասթինգի միջոցով․ «Քասթինգի մասնկացելու առաջին փորձս էր։ Մասնակցեցի, բայց, ճիշտն ասած, հույս չունեի, որ կարող է ինձ ընտրեն։ Փաստորեն բախտս բերեց»։

Սիթքոմում բլոգերը մարմնավորում եմ Հայկուհի Բլբուլյանին՝ Շավոյի (Մհեր Մխիթարյան) և Սամսոնի (Պոնչ) քրոջը։ «Շատ ագրեսիվ, կոպիտ կին է, ով կապ ունի նաև «գողական» աշխարհի հետ։ Նա ևս պայքարի մեջ կմտնի կտակից իր մասնաբաժինը ստանալու համար։ Կերպարի հետ կապված շատ լարված և հետաքրքիր զարգացումներ են սպասվում»,- մանրամասնում է Նինա Տիտանյանը։

Խոսելով դերասանական կազմի և նկարահանումների ընթացքի մասին՝ Նինան նշում է․ «Ինձ թվում է՝ հենց առաջին օրից լիովին կարողացել եմ ընդգրկվել թիմում։ Թե՛ նկարահանումները, թե՛ թիմը շատ հավես ու հետաքրքիր են։ Ու եթե նկարահանման չեմ, շատ նեղվում եմ այդ փաստից, քանի որ արդեն սովորել էի այդ էներգետիկային և միջավայրին։ Նկարահանման հրապարակում միշտ դրական մթնոլորտ է, ոչ մի լարվածություն, ոչ մի ճնշող հանգամանք չկա»։

Նինան նաև բավականին ակտիվ կերպով զբաղվում է TikTok-ի իր էջով՝ խոստովանելով, որ ի սկզբանե այն սկսել է օգտագործել, որ հետագայում հնարավորություն ունենա նաև սիթքոմներում նկարահանվելու համար․ «Ինձ համար միշտ էլ ավելի հարազատ են եղել հումորային նախագծերը, միշտ էլ երազել եմ նկարահանվելու մասին, բայց կարծում եմ՝ կշարունակեմ զբաղվել նաև ՏիկՏոկի իմ էջի զարգացմամբ։

Մարդիկ ինձ ճանաչում են իմ հումորային հոլովակների միջոցով, հենց դրա շնորհիվ էլ ինձ սկսել են դիտել ու սիրել։ Միանշանակ կգա ժամանակ, որ անհրաժեշտ կլինի փոփոխություն մտցնել իմ կոնտենտի մեջ, բայց ես ինձ տեսնում եմ հենց այս ոլորտում և այս թեմատիկային անդրադառնալիս։ Ինձ մոտ ստացվում է հումոր անելը, ինչո՞ւ փորձեմ փոխել և ամեն ինչ փչացնել»։

Խոսելով իր մասնագիտության և աշխատանքի մասին՝ Նինան մանրամասնում է․ «Ցավոք, դերասանական կրթություն չունեմ, ես մասնագիտությամբ դեղագործ եմ։ Բայց ամեն ինչ անում եմ, որ գոնե այս կամ մյուս տարի ստանամ այդ կրթությունը՝ բացը լրացնելու համար։ Միանշանակ ինձ տեսնում եմ հենց այս բնագավառում, հենց դա է եղել պատճառը, որ դուրս եմ եկել իմ նախորդ աշխատատեղից, քանի որ ցանկացել եմ իմ ամբողջ ուշադրությունն ու էներգիան կենտրոնացնել սրա վրա։ Ցանկանում եմ հոբբիս դարձնել մասնագիտություն»։

Նյութը՝ Լուս Ավագյանի