Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։
Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։ Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն:
Դիմաշն ընդգծել է, որ իր ձայնի յուրահատկությունը հիմնականում ամենօրյա փորձերի արդյունք է, բայց առանց տաղանդի էլ չի կարելի։
Ինչպես ինքն է նշում` որպես արվեստագետ իր կայացման ամենակարեւոր դերերից մեկն իր ընտանիքն է. «Հատկապես իմ տատիկն ու պապիկը։ Նրանք ինձ մեծացրել ու աջակցել են բոլոր փուլերում։ Հայրիկն ու մայրիկը արվեստի եւ ստեղծագործական աշխարհի իմ հիմնական ուղեցույցներն են»։
Նրա նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։
Հայաստան այցից առաջ Դիմաշն ասել է, որ շատ բան գիտի մեր երկրի մասին. «Շատ հին եւ գեղեցիկ երկիր է, եւ ես ցանկանում եմ մոտ ապագայում այցելել դրա գեղեցիկ վայրերը։ Լսել եմ, որ այնտեղ կա շատ գեղեցիկ Սեւանա լիճ ու մեծ թվով հնագույն եկեղեցիներ եւ տաճարներ»։
«STRANGER» ծրագիրը Դիմաշի երկրորդ համաշխարհային շրջագայությունն է, որի շրջանակներում նախատեսում են այցելել ավելի քան 20 երկիր ու աշխարհին ցույց տալ իրենց եզակիությունը: