Սննդաբանը պարզել է՝ ինչպես է կիտրոնով ջրի ամենօրյա գործածությունն անդրադառնում օրգանիզմի վրա

Սննդաբան Ջորդան Ուիլարդը մեկ ամիս շարունակ ամեն օր կիտրոնով ջուր է խմել և պարզել, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա։ Իր փորձարկման արդյունքներով նա կիսվել է Eat This Not That! պարբերականի հետ։

Ուիլարդը մեկ ամիս շարունակ օրական 8-12 բաժակ կիտրոնով ջուր է խմել։ Մեկ բաժակ ջրին նա ավելացրել է 30 մլ կիտրոնի հյութ, ինչպես նաև կիտրոնի պտղամիսն ու կեղևը։

Մասնագետի խոսքով՝ մեկ ամիս անց նա նկատել է, որ իր մազերը, եղունգներն ու մաշկը դարձել են շատ ավելի առողջ ու ամուր։

«Այս ամբողջ ընթացքում ես սովորականի պես եմ լվացել մազերս, սակայն դրանք ավելի քիչ փխրուն են դարձել և շատ նոր մազեր են հայտնվել։ Եղունգներս ավելի ամուր են դարձել և սկսել են ավելի արագ աճել»,- պատմել է մասնագետը։

Բացի այդ, սննդաբանը դրական փոփոխություններ է նկատել նաև մաշկի վիճակում։ Մեկ ամսվա ընթացքում նրա մաշկն ավելի հարթ է դարձել, իսկ ցանն ու բշտիկներն անհետացել են։

Ուիլարդը նաև նկատել է, որ որքան շատ կիտրանով ջուր էր խմում, այնքան ավելի հեշտ էր կառավարում իր ախորժակը։ Ընդ որում՝ նա նշել է, որ հակված է սննդի չարաշահման։