Adidas-ին քննադատել են կանանց համար նախատեսված լողազգեստի գովազդում տղամարդ մոդելի նկարահանելու համար (լուսանկարներ)

Գերմանական Adidas ընկերությունը բուռն քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ կանանց համար նախատեսված լողազգեստի գովազդում նկարահանել է տղամարդ մոդելի:

Ինչպես գրում է Daily Mail-ը, արդյունքում ընկերությանը մեղադրել են «կանանց ջնջելու» և վաճառքի ցուցանիշները բարձրացնելու համար մարքեթինգային հնարքների դիմելու համար:

Լողազգեստի շարքն Adidas-ի Pride 2023 հավաքածուի մասն է ու վաճառքի է հանվել ընկերության կայքում՝ կանանց համար նախատեսված բաժնում:

Սակայն լուսանկարներում այն կրում է տղամարդ կամ գուցե տրանսվեստիտ, գրում է պարբերականը: Մոդելի ընտրությունը բարկության ալիք է բարձրացրել սոցցանցերում: #BoycottAdidas հեշթեգը տարածվել է և որոշ հայտնի մարզիկներ, քաղաքական գործիչներ քննադատել են ընկերությանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են ընկերությունները կամավոր կերպով դա անում իրենց հետ: Նրանք կարող էին գոնե ասել, որ լողազգեստը յունիսեքս է, բայց նրանք չարեցին, քանի որ դա կանանց ջնջելու մասին է», – մեկնաբանել է ամերիկացի հայտնի լողորդուհի, կանանց իրավունքների ակտիվիստ Ռայլի Գեյնսը:

Հանրապետական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը նույնպես քննադատել է Adidas-ին` նշելով. «Ո՞վ է այս խոշոր կորպորացիաներին ասում հետին պլան մղել կանանց՝ բնակչության կեսին, որպեսզի շուկա հանեն 1%-ից քիչ տրանսներին: Բիզնեսը շահույթի համար է, ոչ թե քաղաքականության։ Դա խելացի չէ: Ո՞վ է նրանց ասում, որ դա անեն»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Հարավային Կարոլինայի ներկայացուցիչ Նենսի Մեյսն ասել է. «Ես բավական մեծ եմ, որպեսզի հիշեմ այն ժամանակները, երբ կանայք,  ոչ թե տղամարդիկ էին որպես մոդել ցուցադրում կանանց համար նախատեսված լողազգեստներ»:

Adidas-ի Pride 2023 հավաքածուն ներառում է նաև կանանց համար նախատեսված կարճ սպորտային զգեստ, վերնաշապիկներ ու տաբատներ, որոնք նույն մոդելն է գովադզում: