Առաջին «Հարրի Փոթերը» երեխաների դերակատարմամբ լավագույն ֆիլմ է ճանաչվել

Cinema հեռուստաալիքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմել է լավագույն ֆիլմերը, որոնցում նկարահանվել են մանկահասակ դերասաններ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

Դերասան երեխաների մասնակցությամբ լավագույն ֆիլմ է ճանաչվել Հարի Փոթերի մասին ֆրանշիզի առաջին մասը, որը նկարահանել է Քրիս Կոլամբուսը՝ Ջ.Կ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Դենիել Ռեդքլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ուոթսոնը։

Երկրորդ տեղում է Մ. Նայթ Շյամալանի «Վեցերորդ զգայարանը» միստիկ ֆիլմը` մանկական հոգեբույժի և նրա անսովոր հիվանդի մասին:

Կոլամբուսի «Տանը մենակ» սուրբծննդյան կատակերգությունը, որի գլխավոր դերակատարը Մաքոլեյ Կալկինն է, զբաղեցրել է երրորդ տեղը, որին հաջորդել են Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» և Սթիվեն Չբոսկու «Հրաշք» ֆիլմերը:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել «Кинопоиск», «Кино-Театр.Ру», Rotten Tomatoes, Metacritic և IMDb կայքերի քննադատների և օգտատերերի գնահատականները, ինչպես նաև թեմատիկ հրատարակությունների վարկանիշները։