Ամերիկաբնակ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդումն ամեն անգամ նորովի է բացահայտում հայ սկանդալային հայտնիների անձնական կյանքը, առօրյան, կյանքում ունեցած դժվարություններն ու այն մութ կետերը, որոնց մասին միշտ նրանք լռել են և գաղտնի պահել: Մհերի ունեցած հաղորդումների բոլոր հյուրերն էլ եղել են հանրությանը չափազանց հետաքրքիր անհատներ և ամենակարևորը՝ սկանդալային:
Այսօր՝ ժամեր առաջ, նա ներկայացրեց իր նոր հաղորդումը: Հաղորդման հյուրը՝ երգչուհի Անի Քրիստին, զրույցի ժամանակ անկեղծանում է շատ, պատմում է իր կյանքի դժվար օրերի, հիշողությունների, տատիկի ու ծնողների առանձին ապրելու, կարոտի և ամուսնալուծության մասին: Պատմելով ու վերապրելով այս ամենը՝ երգչուհին հուզվում է, և հենց այդտեղ էլ Մհերը որոշում է դադարեցնել հարցազրույցը: ShowBiz.am-ը զրուցել է հաղորդավարի հետ իր այս նոր շոու-ծրագրի, ամենահետաքրքիր հյուրի և սպասվող հաջորդ հաղորդման սկանդալային նորության մասին:
«Արձագանքները շատ հետաքրքիր են ու դրական: Կարող եմ վստահ ասել, որ հիմնականում բոլորը սիրել են հաղորդումը, քանի որ այն տարբերվում է իր ձևաչափով: Փորձել ենք հետաքրքիր ու տարբերվող մոտեցում ցուցաբերել նախագծին: Հազվադեպ է եղել բացասական կարծիք, այն էլ այն դեպքում, երբ հյուրի ֆանատն է եղել և իրեն դուր չի եկել, որ սիրելի արտիստն ընկել է անհարմար իրավիճակի մեջ»:
Այսօր Youtube -ում արդեն իսկ տեղադրված է Մհերի ու Անի Քրիստիի հարցազրույցը. «Մինչ ասօր ունեցած հարցազրույցներիցս թերևս ամենահետաքրքիրն ու հուզիչը կարծում եմ՝ սա է: Ես ու Անին շատ անկեղծ ու բաց զրույց ենք ունեցել: Մենք շատ վաղուց մտերիմ ընկերներ ենք, գիտենք իրար մասին շատ բան: Եվ երբեմն այդ մտերմությունն ինձ համար մի փոքր բարդություն է ստեղծում. չեմ ցանկանում ցավեցնել, անհարմար իրավիճակների մեջ դնել կամ մխրճվել այդքան հարազատ մարդկանց անձնական կյանքի մեջ»:
Մհերն առանձնացրեց նաև Անժելա Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցը, որը թերևս կրկին շատ սկանդալային էր: Դերասանուհու հետ հարցազրույցին Մհերը շատ նրբանկատորեն է մոտեցել և հաղորդումից առաջ մի քանի անգամ հանդիպել նրան և զրուցել. «Ինձ համար կարևոր էր մարդուն, ով հայտնվել էր ոչ այնքան լավ վիճակում, չդնել ավելի վատ վիճակի մեջ և պարզապես բացառիկ կարգով նրանից իմանալ, թե ինչ է իրականում եղել: Ինձ համար դա ևս շատ հետաքրքիր հարցազրույց էր, որովհետև նա պատմում էր ինքնասպանության փորձերի մասին, ինչը երևի թե ամենափակ ու անձնական թեմաներից է: Բայց արի ու տես, որ Անժելայի հետ անկեղծանալ ստացվեց»:
Մհերից հետաքրքրվեցինք, թե ով է լինելու հաջորդ հյուրն ու հետաքրքիր դեմքը, ով իր կյանքից բացահայտումներ կանի. «Կբացեմ փակագծերն ու կասեմ, որ հաջորդ հյուրս Միսթր X-ն է՝ հայկական շոու-բիզնեսի ամենահիշվող ձայներից մեկը: Նա առաջին անգամ բացառիկ կերպով ու բացեիբաց, շատ համարձակ ու անկեղծ խոսեց իր ու ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի ամուսնալուծության ու դրա պատճառների մասին: Վստահ եմ մանրամասները սառը ցնցուղի պես են լինելու և շոկահարեն բոլորին. այնպես որ, հաջորդ հաղորդումը նույնպես սկանդալային է»:
Մհերը նշում է, որ այսքան ժամանակ բացի մեկից դեռևս ոչ մեկ չի հրաժարվել հաղորդման հյուրը լինել. «Իմ մտերիմ ընկերներից մեկն է միայն դեռևս հրաժարվել, քանի որ այս շրջանում նա ցանկանում է պարզապես լուռ աշխատել. դա կապված է սկանդալների հետ, որոնք վերջին շրջանում պտտվում էին նրա շուրջը. ես հասկանում եմ նրան ու միշտ օգնում»:
Զրույցի վերջում Մհերը նշեց, որ ինքն ու հաղորդման պրոդյուսեր Արա Կազարյանը որոշել են հաղորդումն անել եթերաշրջաններով. «Յուրաքանչյուր եթերաշրջան կունենա 12 հաղորդում, որից հետո կփոխվի կամ ձևաչափը կամ մատուցման ձևը, ինչն էլ հեռուստադիտողին կստիպի առավել սպասումով ու հետաքրքրությամբ սպասել ամեն հաղորդման ու դիտել»:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան