«Ինչո՞ւ են Հայաստանում սիրում կյանքից հեռացած արտիստին, բայց ոչ ողջ մարդուն». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար և կիսվել իր մտորումներով:

«Մի բան հարցնեմ, ասեք, թե կարող եք. ինչու՞ են Հայաստանում սիրում մեռած արտիստին, բայց ոչ՝ ողջ, ստեղծագործ ու կարող մարդուն: Ինչու՞ են գերադասում, երբ հայն ապրում է երկրից դուրս, ինչու՞ են մեծարում դրսի՝ նույնիսկ միջակ մնացած հային, քան, թե ներսում պատեր ջարդող ու աշխատանքով ամեն օր մի բան փոխող մարդուն: Ինչու՞ են սիրում խեղճացած, կոտրված, լացող արտիստին, քան, թե ուժեղ, իրեն հավաք պահող ու թուլությունները իր համար միայն պահող մեկին: Ինչու՞ են մարդու հաջողությունը չափում նրա՝ այդ պահի եկամտով, ամուսնու բանկային հաշվով կամ առհասարակ ընտանեկան ստատուսով:

Փոխարենը գնահատելու մարդուն իր ամբողջականության մեջ ու հենց իրեն՝ առանց «արքունիքի»:
Ինչու՞ են ատում ինքնուրույն ու հավաք, կարծիք ու փորձառություն ունեցող արտիստին, և ինչու են անպայման ուզում տարիների մեջ նրան տեսնել անփոփոխ՝ մումիֆիկացված, բայց րոպեի մեջ իր «կարծիքի» մեջ փոփոխական, հարմարվող ու «հարմար»: Ինչու՞ են մատնողին ներում, իսկ հավատարիմ մնացողին՝ մատնում: Ինչու՞ են վազելով ապրում, որ միայն սիրելի մարդու մահվան պահին կանգ առնեն, հիշեն ու մեծարեն: Ինչու՞ են ընկերաբար կիսվածդ գաղափարը գրպանում, ու դեռ հայավարի մուննաթ գալիս, երբ կիսաժպիտդ են տեսնում:

Արարատը… ինչու՞ մեզ հետ «չի ապրում» և ինչու ենք միայն նրան նայելով համակերպվում: Ինչուների ցանկը շարունակեք ինքներդ. ես գնամ ու շարունակեմ հավերժ «պատերը» ջարդել ու ուղեղս կրթել, լցնել ու ամրացնել, որ դիմանա»,- գրել է Նազենին: