«2 էռնեկ՝ 1 տեղ». «Բամբիռ» և «Լավ էլի» ռոք խմբերը` «Ռոսիա» կինոթատրոնում

Ուրբաթ 13. եթե շատ սնահավատների համար այս օրը պետք է պատրաստ լինել և զգույշ մնալ անհաջողություններից, ապա ռոքասեր հասարակաության համար երեկ ուղղակի տոն էր:

«Ռոսիա» կինոթատրոնի պատերը երեկ թնդում էին, քանի որ բեմում էին «Բամբիռ» և «Լավ էլի»  ռոք խմբերը: Օրվան շատերն էին սպասում, այսպիսի բան արդեն տևական ժամանակ է ռոքասեր հասարակությունը չէր տեսել:

«Սպասումից ձեռքերս արդեն դողում են, ինչ իմացել եմ համերգ է լինելու հանգիստ տեղս չեմ կարողանում նստել»,- ասում է համերգին ներկա խենթ հանդիսատեսներից մեկը:

Համերգին սպասում էին նաև «Լավ էլի» ու «Բամբիռ» խմբերի տղաները: «Այս համերգին, եթե ամեն ինչ լավ ընթանա, այս ծրագրով ուզում ենք հանդես գալ և Գյումրիում, և Վանաձորում, եթե ամեն ինչ հաջող անցնի, միգուցե, նաև Հայաստանից դուրս էլ հանդես գանք»,- կիսվեց մեզ հետ «Լավ էլի» խմբի վոկալիստ, կիթառահար Մհեր Մանուկյանը, ով նաև խմբի հիմնադիրներից մեկ է:

«Սպասում ենք լեփ-լեցուն դահլիճ, ուրախ տրամադրություն և լավ էներգիա: Տեղն էլ դրա համար պատրաստ է, սա միակ հետաքրքիր, պատմություն ունեցող ու հարմար շենքն էր, որտեղ ինքներդ տեսաք, որ աթոռներ չկան, ռոք համերգի համար ամենաիդեալական վայրն է»,- պատմում է «Բամբիռ» խմբի վոկալիստ, ֆլեյտահար Արիկ Գրիգորյանը:

Ընդամենը մի քանի օրում համերգի տոմսերը արդեն սպառվել էին: 1200 մուտքի տոմս էր սպառվել այն դեպքում, երբ աթոռների փոխարեն դահլիճում ընդամենը դատարկ բետոնե հատակ էր:

Իսկ համերգի ընտրված տեղը, կարելի է ասել`պատմական էր. Ռոսիա կինոթատրոն: «Տարածք, որի մասին բոլորս գիտեինք, բայց ոչ ոք չէր եղել»,- հանդիսատեսին դիմելիս ասաց «Բամբիռ» խմբի կիթառահար, վոկալիստ Նարեկ Բարսեղյանը: Հատկանաշական է, որ հայաստանյան ռոք խմբերից նրանք առաջինն էին այստեղ ելույթ ունենում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կինոթատրոնի դահլիճը դեռ այսքան մարդաշատ չէր եղել։

«Համատեղ համերգ ունենալու միտքը եղել է «Լավ էլի» խմբի մենեջերինը`Արամազդինը, վաղուց էինք խոսում այսպիսի բան անելու մասին: Ու արդեն մի քանի շաբաթում միտքը ի կատար ածեցինք: Փորձերը շատ հետաքրքիր էին անցնում, ամեն ինչին ուշադրություն ենք դարձրել. ծրագիր էինք կազմում, հերթականություն որոշում, տեխնիկական հարցեր…»,- պատմում է «Բամբիռ»-ի Արիկ Գրիգորյանը:

«Բամբիռ» ու «Լավ էլի» խմբի երկրպագուները կարծես մեկ էին դարձել, երկու խմբերի կատարումների ժամանակ էլ նույն մարդիկ երգում ու պարում էին, վայելում հավասարապես։

Խմբերը իրար լրացնելով կատարեցին իրենց հին ու նոր երգերը, իսկ դահլիճը կարծես չէր հոգնում, մինչև վերջ ոտքի վրա նրանք անսխալ կատարում ու ձայնակցում էին երաժիշտներին:

Երկու ժամ անց համերգը մոտենում է ավարտին, այն իրոք կարելի է համարել ստացված: Վերջում հնչեց «Լավ էլի» խմբի սպասված ու սիրված «Քո աչքերը» երգը, բոլորը միաբերան երգում էին Մհերի հետ։ Շարունակում ու համերգը իր ավարտին է հասցնում «Բամբիռը»՝ իր «Եկեք երգենք հենց այնպես» երգով:

Նյութը՝ Լուս Ավագյանի