Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը դիմել են միջազգային կառույցներին

Դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանն ու երգչուհի Իվետա Մուկուչյանը իրենց «Ինստագրամ»-ների պաշտոնական էջերում տեսաուղերձներ են հրապարակել՝ փորձելով միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

Տեսաուղերձում Պապոյանն ասում է՝ հավանաբար միջազգային կազմակերպություններն արդեն հոգնել են այն փաստից, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը նրանց նշում են «Ինստագրամ»-ի իրենց հրապարակումներում:

«Ներողություն եմ խնդրում, որ ձեզ դիմում ենք հարցերով, որոնք լուծելու համար եք  ստեղծվել։ Հասկանում եմ, որ, գուցե, հոգնել եք նույն խնդրի մասին կրկին ու կրկին  լսել, բայց դրանից այն չի դադարում խնդիր լինել։ Դա չի մեղմացնում այդ մարդկանց տառապանքները։ Ես ահազանգում եմ միջազգային հանրությանը, որ  պատասխանատվություն կրի և նպաստի նրան, որ սնունդ և դեղամիջոց հասնի Արցախ»,-ասում է Գարիկ Պապոյանը: