«Անդադար «համը հանում» էի ու խանգարում». Ռաֆայել Երանոսյանը՝ «Ազնիվ գողեր»-ը նոր ֆիլմի մասին և ոչ միայն

Սեպտեմբերի 19-ից էկրաններ է բարձրանալու ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի («Մեծ պատմություն փոքր քաղաքում»,  «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով») «Ազնիվ գողեր»-ը ֆիլմը: Ռաֆայել Երանոսյանը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է, վերջինս մանրամասներ է ներկայացրել նոր կատակերգությունից:

 

Ի՞նչ կերպար եք մարմնավորում «Ազնիվ գողեր»-ում:

-Մարմնավորում եմ մի տղայի, ով վարորդ է: Նա պատահաբար հայտնվում է իրադարձությունների կենտրոնում ու սկսում է ընկերություն անել մյուս հերոսների հետ:  Շատ եմ հավանել կերպարս, կարծում եմ, որ հետաքրքիր է ստացվել և հանդիսաստեսն էլ կսիրի այս հերոսին:

Սա, կարծես թե, Ձեր եւ Գոռ Կիրակոսյանի առաջին համագործակգությունն է, բա՞րդ ռեժիսոր  է:

-Գոռ Կիրակոսյանի հետ բավական երկար ժամանակ է, ինչ ընկերություն ենք անում: Համագործակցել էինք ներկայացման տարբերակով, սակայն` ԱՄՆ-ում: Ֆիլմի համար առաջին անգամ էինք աշխատում, նա շատ տաղանդավոր է և ամեն բան այլ ձևով է տեսնում, շատ հաճելի էր նրա հետ աշխատելը, չնայած մի փոքր «համը հանում» էի, որովհետև գիտեք իմ տեսակը՝ անդադար  խոսում էի, խանգարում էի,  բայց կարողացանք նկարահանման մեկ ամսվա ընթացքում մթնոլորտն ապահովել: Այսօր էլ տղաներին ասում էի, որ մեր ֆիլմը հաղթելու է, քանի որ մենք բոլորս ընկերներ ենք ու  վստահ եմ, որ այդ ընկերությունը կադրից երևալու է:

Գրեթե միշտ հանդես եք գալիս հումորային կերպարներով, հանդիսատեսն այլ Ռաֆո կբացահայտի՞:

-Չեմ կարող ասել՝ արդյո՞ք հանդիսատեսը նոր Ռաֆո կբացահայտի, թե՞ ոչ, քանի որ հեծանիվ չեմ հայտնագործել:  Փորձել եմ տարբերվել բոլոր այն կերպարներից, որոնք մարմնավորել եմ մինչ այդ: Այլ տեսակ եմ  հաղորդել կերպարիս, հասկացողները կտեսնեն, որ այս կերպարս բնավորության այլ գծեր ունի: Համենայն դեպս՝ փորձել եմ տարբերվել:

«Ազնիվ գողեր»-ըստ Ձեզ՝ ասելիքո՞վ ֆիլմ է, թե այն կապահովի հանդիսատեսի միայն լավ տրամադրությունը:

-Կարծում եմ, որ մենք կապահովենք և լավ տրամադրությունը, և մտածելու տեղիք կտանք: Շատ բան կա այս ֆիլմում, ուղղակի միայն ժամանցի համար չէ, չնայած որ հումորային ֆիլմ է, սակայն կարծում եմ, որ այն ունի շատ փիլիսոփայական խորը շերտեր, որը խորհելու առիթ կտա, շատ բարի ֆիլմ ենք ստեղծել: Կարծում եմ՝ վերնագրից արդեն իսկ պարզ է` մեր ֆիլմի հերոսներն ազնիվ նպատակից ելնելով են ցանկանում գողություն անել, ու դա նրանց հաջողվում է: Եթե դահլիճի  20% էլ հեռանա այս ֆիլմից ինչ-որ մի բան քաղած, ուրեմն՝ ամեն բան ստացվել է: Այս ֆիլմում կա լիրիկա, ընկերություն, նպատակ, ամեն ինչ կա:

Հումորային ժանրը Ձեզ շարունակու՞մ է հետաքրքիր մնալ, թե՞ պարզապես մարդիկ են Ձեզ սիրում այդ ժանրում տեսնել:

-Ես մասնագիտությամբ դերասան եմ, ավելի դրամատիկ դերերով թատրոնում եմ հանդես գալիս, հանդիսատեսն ինձ տարբեր կերպարներով է տեսնում այնտեղ:  Հեռուստադիտողն ինձ ընդունում է ավելի հումորային ժանրում, ես էլ երևի վերևից տրված շնորհք ունեմ (ժպտում է), փորձում եմ ժպիտ պարգևել՝ գոնե 10 հոգու, այնպես չէ, որ դա ինձ մոտ հեշտ է տրվում, ուղղակի երևի ավելի լավ է ստացվում: Հավելեմ նաև, որ այն մարդիկ, ովքեր տեսնում են ինձ դրամատիկ կերպարով՝ ասում են՝ինչ լավ դերասան ես  ու նոր Ռաֆո են բացահայտել:

Հավելենք, որ «Ազնիվ գողեր»-ը ֆիլմում նկարահանվել են Արամ MP3-ը,  Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Արտակ Գասպարյանը,  և այլք:

Կիմա Միրզոյան