Սեպտեմբերի 19-ից էկրաններ է բարձրանալու ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած–մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով») «Ազնիվ գողեր» ֆիլմը: Ամերիկաբնակ դերասան Դավիթ Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել նկարահանման ընթացքից և իր սպասելիքներից:
–Դավիթ, «Ազնիվ գողեր» կատակերգությունում մարմանավորում եք գլխավոր հերոսներից մեկին: Այս անգամ ի՞նչ կերպար են Ձեզ վստահել:
-Հերոսիս անունը Հայկ է, աղբ թափող եմ, Արամ Mp3-ի մարմնավորած հերոսի մոտ եմ աշխատում, իմ հոգածության ներքո ունեմ առողջական խնդիրներ ունեցող քույր: Ընդհանուր առմամբ, այդքան էլ լավ կյանք չեմ վարում, անհաջողակի մեկն եմ:
–Իսկ ինչպե՞ս էին ընթանում նկարահանումները, ի՞նչ մթնոլորտ էր կադրից դուրս:
-Ես, լինելով ոչ միայն դերասան, այլև «Դեմք շոու»-ի հիմնադիրներից, ինչպես նաև պրոդյուսեր, կարող եմ ասել, որ հրաշալի նկարահանումներ ենք ունեցել: Միաժամանակ, գերզբաղված նկարահանման ամիս էինք ունեցել: Շատ հոգսեր ունեինք, անդադար մտածում էինք ֆինանսական հարցերի մասին, այն մասին, որ աշխատակազմն իրեն լավ զգա, սցենարի մասին էին մտածում, որ ամեն ինչ ճիշտ և լավ ստացվեր, որ մենք էլ այսպես ասած՝ «ֆորմայի» մեջ լինեինք, ու ամեն բան լավ ընթանար:
–Դուք շատերի մոտ տպավորվել եք Գոռ Կիրակոսյանի մյուս ֆիլմերից ՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած–մոլորվածը Հայաստանում»: Դիտելով «Ազնիվ գողեր» ֆիլմի թրեյլերը՝ տպավարոթյուն է, որ նմանատիպ կերպար եք կրկին մարմնավորում: Արդյո՞ք նմանությունն իսկապես առկա է:
-Որոշակի նմանություն առկա է, կրկին մարմնավորում եմ մի մարդու, ով շատ միամիտ է, պարզապես ի տարբերություն «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի Հովնաթանի, ով գյուղապետի տղա էր, գոռոզ էր, այս կերպարս համեստ է, բայց կրկնում եմ՝ շատ միամիտ:
–Ի՞նչ եք կարծում՝ ֆիլմը հաջողություն կունենա՞:
-Գոռ Կիրակոսյանի գրեթե բոլոր ֆիլմերում ես մասնակցություն եմ ունեցել և ներկա եմ եղել նկարահանումներին, թերևս միակ բացառությունը «Տոմս դեպի Վեգաս» ֆիլմն էր: Այս ֆիլմում էլ ամեն ինչ արել ենք թիմային, սցենարը, կադրերը, մոնտաժն ենք նախապես պատկերացրել, թե ինչպես պետք է արվի, շատ ժամանակ ենք տրամադրել նախապատրաստվելուն, որպեսզի ունենանք ամերիկյան որակի ֆիլմ: Արդյունքում՝ կարծում եմ, որ ստացել ենք հայերենով ամերիկյան որակի ֆիլմ: Ըստ իս՝ մինչ օրս նկարահանած մեր ամենահաջողված ֆիլմն է: «Ազնիվ գողեր»-ը շատ դինամիկ և հետաքրքիր է ստացվել, անընդհատ սպասում ես, թե ինչ պետք է լինի: Հավելեմ, որ 1994թ.-ից՝ դեռ դպրոցից, ճանաչում եմ Գոռ Կիրակոսյանին, դարձել էինք ընկերներ, իսկ հասկանալով, որ ունենք հումորի զգացում՝ 1997թ.-ից հիմնադրել ենք «Դեմք շոու»-ն: Կարող եմ ասել, որ միմյանց կես բառից հասկանում ենք, ավելի ճիշտ՝ հատկապես Գոռն է ինձ շատ լավ հասկանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես անդադար մոռանում եմ մարդկանց անունները, նա միանգամից կռահում է, թե ում մասին եմ խոսում (ժպտում է:):
Կիմա Միրզոյան