Լիլի Էլբակյանը՝ հայտնի դերասաններ Արմեն և Աննա Էլբակյանների դուստրը, ով նույնպես դերասանուհի է և զբաղվում է ռեժիսուրայով, այս ժամանակահատվածում կարևոր աշխատանքով է զբաղված. նա Խամաճիկների պետական թատրոնում պատրաստվում է բեմադրել Շեքսպիրի Համլետ ողբերգությունը։
Սակայն սա դեռ միակ նորությունը չէ։
Լիլին ուրախացրեց թատրոնի սիրահարներին՝ հայտնելով, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հարյուրամյակին ընդառաջ ընդլայնում է ստեղծագործական տարածքները․ արդեն գործում է Սունդուկյանի «Սև տուփ–Փեքր բեմը», որը ստեղծվել է 1947 թվականին կառուցված մասնաշենքում։ Այստեղ թատրոնի նկարչական արվեստանոցն էր, որը վերածվել էր պահեստի և վերջին տարիներին փլուզվում էր։ Այժմ այն, ինչպես աշխարհի բոլոր «Սև տուփերը», փորձարարության և զարգացման հարթակ է։
Սա Հայատսանում Մայթ Թատրոնին կից առաջին «Black Box» թատրոնն է, որ նոր շունչ է բերելու թատրոնին․ չէ՞ որ այն նոր հնարավորությունների ու նորությունների որոնման հարթակ է։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին խոսեց՝ որքան է մեծացել թատրոնի պահանջարկը և որքան է նվազել թատերական պրոֆեսիոնալիզմը։
«Առաջ թատրոնում չկար հանդիսատես, հիմա հանդիսատեսները շատ են, լավ ներկայացումները՝ ոչ։
Առաջ, իսկապես, հանդիսատեսները քիչ էին, հետաքրքրությունը պակասել էր, սակայն հիմա այլևս այդպես չէ։ Հանդիսատեսների հոսքը կտրուկ աճել է, գնալով թատրոններ՝ տեսնում եմ ազատ տեղ չկա՝ դահլիճը լեփ–լեցուն է։ Հիմա հանդիսատեսն, իրոք, կարիք ունի լավ ներկայացում տեսնելու։
Թատրոնի խնդիրն է ձևավորել ճաշակ ու փոխանցել գաղափար, փորձել այս աշխարհը դարձնել ավելի լավը, այն չփչացնել։ Ռեժիսորը պետք է հիշի, որ մի օր իր ստեղծածը նայելու են հենց իր երեխաները։
Ասում են, որ ավեստը չպետք է դաստիարակի, որովհետև այն դպրոց չէ կամ ուսումնական հաստատություն, բայց դա նաև նշանակում է, որ այն չպետք է անճաշակ հասարակություն կրթի»,- կիսվում է Լիլին։
Լիլին իր բեմադրություններում առանձնահատուկ ուշադրության է արժանացնում մանկական ներկայացումներին։ Նրա պնդմամբ՝ երեխաները թատրոնի վաղվա հանդիսատեսն են և պետք է նրանց ճիշտ բացահայտել թատրոնի հրաշքը։
«Մանկական ներկայացումներում ամենից կարևորը անկեղծությունն է։ Երեխան հասկանում է, երբ են իրեն հիմարացնում ։ Նա նաև հմտորեն զգում է, թե երբ են աշխատում հենց իր համար։
Դերասանի ու ռեժիսորի անկեղծությունը երեխաների նկատմամբ, բեմի ճիշտ ձևավորումն ու մանրակրկիտ մոտեցումն այս հարցում ամենից կարևորն են»,- ասում է Լիլին։
Դերասանուհին կարծում է նաև, որ ֆիլմարվետսն ու թատրոնը սերտ կապված են միմյանց հետ։ Եվ լավ դերասանը չի կորցնում իր որակներն ու ցույց է տալիս իր պրոֆեսիոնալիզմը, որտեղ էլ որ լինի։
Լիլիի խոսքով՝ շատ «չդերասաններ», բազում սերիալներում ու ֆիլմերում նկարահանվելով, այնքան փորձ ու հմտություն են ձեռք բերում, որ գերազանցում են իրենց ունակություններով մյուսներին։
Սակայն ֆիլմարվեստի զարգացման խնդիրը նրանում է, որ ֆիլմ նկարահանելու փոխարեն ռեժիսորները կենտրոնացել են սերիալների վրա։
«Որքան էլ ցավալի է համաձայնվելը, սերիալները նախատեսված են արագ ու հեշտ մարսվելու ու շուտ մոռացվելու համար։ Ինձ այդ սպառողական արվեստն այդքան էլ չի հուզում, այն միշտ եղել է ցածրորակ։ Ես չեմ հասցնում նայել անգամ այն սերիալները, որտեղ ինքս նկարահանվում եմ։ Այո, շատ ժամանակ ես ու գործընկերներս նկարահանվում ենք անորակ ֆիլմերում, բայց ինչպես ասում է հայրս՝ անորակ ֆիլմի մեղավորը ռեժիսորն է, որովհետև դերասանը երբեք չգիտի՝ ինչ կա ռեժիսորի գլխում, որպեսզի ամբողջական կատարի իր դերը»,- անկեղծանումէ Լիլին։
Սակայն ֆիլմերի, սերիալների, թատրոնի գլխավոր խնդիրը Լիլին տեսնում է այլ բանում։
«Հիմա սցենարի պակաս կա։ Կարծում եմ, որ թեմաներն են նեղացել, ողջ աշխարհում այդ խնդիրը կա, և դա շատ ցավալի է։ Կարծում եմ, որ որակյալ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսներ, այլ նաև այդ ոլորտի գերազանց տիրապետում։
Ցավոք, այն մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչպես փրկել հայ կինոն ու թատրոնը, ձայն չի տրվում»,- պատմում է Լիլին։
Ինքը՝ Լիլին, գտնում է, որ յուրաքանչյուր գործ էլ կարելի է փրկել նվիրումով աշխատելու շնորհիվ՝ ինչպես ինքն է անում։
Մեծանալով անվանի դերասանների ընտանիքում գեղեցկուհին դեռ մանկուց գիտեր՝ ինչ է իրեն սպասվում և մասնագիտության ընտրության հարցում մեկ րոպե անգամ չի մտածել։ Իհարկե, Էլբակյան ազգանունը շատ դռներ կարող է բացել նրա համար, սակայն իր հաջողության ճանապրհը Լիլին հարթել է ինքնուրույն․
«Ամեն անգամ, երբ նոր գործ ես սկսում, վախենում ես առաջին անգամվա պես։ Երբ հանգում են լույսերն, դու ասես ափի մեջ լինես, բոլորը քեզ են նայում։ Այդ ժամանակ դու ոչ մեկի աղջիկը չես. դու ես քո կերպարը»,- ասում է Լիլին։
Խոսքը Լիլին եզրափակում է իր հայտնի պապիկի՝ Էդգար Էլբակյանի խորհրդով, որով մինչ օրս էլ առաջնորդվում են ինքն ու ծնողները․ «Երբեք պետք չէ վազել փառքի հետևից, պետք է գլուխը կախ աշխատել և փառքը կընկնի քո հետևից»:
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի