Ալեքսիս Օհանյանը ներկա կլինի «Առանց թույլտվության» բեսթսելերի երևանյան շնորհանդեսին

Ալեքսիս Օհանյանը առաջին անգամ Երևանում կներկայացնի իր «Առանց թույլտվության» բեսթսելերը և ելույթ կունենա շնորհանդեսի ժամանակ։

«Կարապ» ընկերությունն առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» բեսթսելերը:

Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի կունենալու 2019 թ.-ի հոկտեմբերի 7-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հեղինակն անձամբ ներկա կլինի շնորհանդեսին և ելույթ կունենա հայ երկրպագուների համար:
Սա իսկապես մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Գիրքը թարգմանել է «Խաղացողը» ազգային բեսթսելերի համաթարգմանիչ Աննա Միրզոյանը:

 

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամենակարկառուն ներկայացուցիչներից է: Նրա ապուպապն ու ապուտատը Խարբերդից և Բիթլիսից էին: Ցեղասպանությունից փախչելով՝ նրանք մեկնել են ԱՄՆ, որտեղ էլ հաստատվել են: Կարիերայում հաջողության հասնելով՝ Ալեքսիսն իր ուշադրությունը դարձրեց ավելի գլոբալ խնդիրների վրա: Մի քանի տարի առաջ նա Հայաստանում իր մի քանի համախոհների հետ կազմակերպեց առաջին TEDx Yerevan սեմինարը, որի շրջանակում հայտնի մարդիկ գաղափարներ էին կիսում այն մասին, թե ինչպես աշխարհն ավելի լավը դարձնել:

Ալեքսիս Օհանյանը ամուսնացած է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ։